Փախուստի դիմած տղամարդը գրեթե մեկ տարի թաքնվել է անտառում


Փախուստի դիմած տղամարդը գրեթե մեկ տարի թաքնվել է անտառում
Փետրվար 8 21:46 2022

Իսպանիայում փախուստի դիմած տղամարդը գրեթե մեկ տարի թաքնվել է ոստիկանությունից՝ ապրելով անտառում, գրում է Oddity Central-ը։ Լինելով գոյատևման մասնագետ՝ տղամարդու համար դժվար չէր բնակություն հաստատել վայրի բնության գրկում։

Նախկին զինվորական Ալֆրեդո Սանչես Չակոնը դատապարտվել է ազատազրկման 1996 թվականին 24-ամյա երիտասարդի սպանության համար։ Առաջին անգամ իսպանացուն հաջողվել է փախչել հենց դատավարության ժամանակ, սակայն 2002 թվականին նրան բռնել են։

Արդյունքում Ալֆրեդոն դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Բացի այդ, փախուստի և այլ մանր խախտումների ժամկետին ավելացվել է ևս երկու տարի։ Մինչև 2021 թվականը Չակոնը բանտում էր, բայց մարտին կրկին փախուստի է դիմել։

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բանտարկյալին թույլ է տրվել երեք օրով հեռանալ բանտից՝ ընտանիքի հետ հանդիպելու համար, սակայն Չեկոն այդպես էլ չի վերադարձել։ Ոստիկանները սկսել են փնտրել նրան, սակայն տեղեկություն չունեին, թե որտեղ է նա։

Սակայն սպաներին օգնել են տեղի բնակիչները։ Օրինակ՝ նրանցից մեկը հայտնել է, որ Ալֆրեդոն թաքնվել է իր ավտոտնակում, բայց կարողացել է փախչել։ Մեկ այլ վկա ասել է, որ տեսել է տղամարդուն ազգային պարկում:

Չակոնին բռնել են  միայն անցյալ շաբաթ՝ նրա փախուստից 11 ամիս անց: Նա փորձել է մտնել ուրիշի տուն՝ սնունդ հայթայթելու համար, սակայն տերերը նկատել են նրան և ոստիկանություն կանչել, որը բերման է ենթարկել Ալֆրեդոյին։

Տղամարդուն վերադարձրել են բանտ, որտեղ նա շարունակել է կրել ժամկետը։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպառնում իսպանացուն երկրորդ փախուստի համար։