Ո՞րն է հայության հանդեպ ատելությամբ լցված՝ ալիևյան ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու փաշինյանական բանաձևը, հավերժական զիջումնե՞րը․․․


Ո՞րն է հայության հանդեպ ատելությամբ լցված՝ ալիևյան ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու փաշինյանական բանաձևը, հավերժական զիջումնե՞րը․․․
Փետրվար 4 21:16 2022

Եթե 2018-ին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իշխանությունը զավթելու մեխանիկայի հիմնական մոտիվացիան ընտրված էր՝ նկատի ունենալով խմբագիր, ապա նաև՝ ընդդիմադիր Փաշինյանի մշտական և հեղինակային թոփ թեման, այն է՝ կոռուպցիան, որը թավշյա հեղափոխականների լեքսիկոնին հարիր՝ արտահայտվում էր «լափել, գռփել, թալանել» մանտրայով և որը գունավոր հեղափոխության օրերին անգիր արած կրկնում էին հայաստանյան և սփյուռքյան բոլոր սորոսականները՝ կուսակցական և անկուսակցական, ապա ներկա փուլին հատկանշական «բանալի» բառն այլ է։

Ներկա փուլի «բանալին», որն իբրև հաղթաթուղթ է օգտագործում ներկա՝ պատերազմում պարտված, ներսում՝ բռնակալական կարգեր հաստատած իշխանությունը՝ «խաղաղությունն» է։

Պատերազմի սարսափները տեսած հայությանը՝ ներկա իշխանությունը խաղաղության խոստումներով է, որ փորձում է իր կողմը գրավել ու հաճոյանալ։ Ստով ու կեղծիքով իշխանության գալուց հետո, կապիտուլյացիոն պատերազմից հետո խաղաղության խոստումն է նրա՝ իշխանության մնալու գրավականը։

Բնականաբար, այդ քաղցր բառը՝ «խաղաղություն»՝ մեր աշխարհում ցանկալի է բոլորին։ Այդ թվում նաև՝ ներկա իշխանություններին, որոնց համար խաղաղությունը զուգորդվում է իրենց աթոռների և իշխանական կենցաղի հնարավորինս երկարաձգմամբ։ Այնքան են կառչած աթոռներին, որ մտածում ես՝ ընդհուպ՝ պատերազմի գնով․․․

Այդ դեպքում՝ վերջիններս խաղաղության մասին հայտարարություններից անդին ինչու՞ ոչինչ չեն ձեռնարկում, չէ՞ որ ակնհայտ է՝ ադրբեջանը զինվում է ու զինվում, իսկ մեր իշխանությունից խաղաղության մասին խոսքեր ենք սոսկ լսում։ ՈՒրեմն՝ խաղաղության դրոշի ներքո, խաղաղության խոստումներով հանդես գալը Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է, որով փորձում է նա կերակրել իրեն հավատացողներին։ Բայց՝ ոչ միայն նա։

Տարածաշրջանային, և նույնիսկ համաշխարհային խաղաղության մասին ամեն օր հայտարարում է նաև ալիևը, ընդ որում, ավելի բարձր ու ամենատարբեր հարթակներից, բայց․․․ գործնականում անում է քայլեր, որոնք պատերազմներին են հատկանշական։ Ադրբեջանի այդ քայլերի մասին այսօր ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնելիս խոսել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Հարևան- թշնամական պետության՝ հայության հանդեպ պետականորեն վարվող ատելության և թշնամանքի քաղաքականության հետևանքը որպես հայի հանդեպ խտացված ատելություն՝ միայն նորանկախ շրջանում երեք տասնյակից ավելի տարիներ այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանության մեջ է, մաշկի տակ՝ ներարկված և ընդհանրապես, նրանց՝ ազգային էության բաղադրիչն է՝ մանկամսուրային տարիքից արդեն։

Բայց ահա, ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը հայությանը խաղաղություն է խոստանում։ Հարց է ծագում՝ ո՞րն է մեր հանդեպ ատելությամբ լցված՝ ալիևյան ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ճանապարհը։ Միթե՞ դեռ չի հասկացել ողջ հայությունը։ Միթե՞ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնց համար պարզ չէ, որ փաշինյանական իշխանության խոստացած խաղաղությունը հավերժական զիջումներն են թուրքադրբեջանական եղբայրությանը։

Խաղաղություն՝ ըստ փաշինյանի նշանակում է՝ ինչ ուզի՝ եղբայր ալիևը, պիտի մեկեն տրվի, որքան ուզի՝ պիտի մխրճվի ՀՀ սահմանիից ներս, սահմանագծում-սահմանազատում օպերացիան էլ՝ շուտափույթ և բացառապես նրա կամքով ու ցանկությամբ պիտի լինի։ Այսինքն, սովետի թաքուն և անթաքույց բոլոր քարտեզներից պիտի ընտրվեն այն քարտեզները, փաստաթղթերից էլ՝ նրանք, որոնք շահեկան են ազերիների համար։ Իսկ, եթե բան է, նրանց շահերին դեմ է, ապա պիտի մեր զինվորին անզեն թողնել, որ ինքնապաշտպանվելու հնար անգամ չունենա, որ մեզ ատող թշնամու զինվորներն ու զորքերը զենք ու զրահով առաջ գան, մտնեն՝ մեր հողն ու ջուրն իրենցով անեն, մեր գյուղացու տունը կիսեն, երեխաներին ահաբեկեն․․․ և հետո է դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնեն։ Սահմանային շրջանների բոլոր սրտոտ, կռվող տղերքին էլ իշխանությունն իր ենթակա ուժայիններով պիտի բանտ դնի, անազատության դատապարտի, որ վախի և ահաբեկության ենթարկված բնակչությունը ինքնակազմակերպվելու ուժ անգամ չունենա՞։ Իսկ բան է, եթե արդար և անկաշառ դատավորը կեղծ ու անհեթեթ մեղադրանքով կալանավորած հերոսին ազատ արձակի, պիտի հիմա էլ այդ դատավորի հանդե՞պ իշխությունը հետապնդումներ սկսի․․․ Ա՞յս է խաղաղության փաշինյանական տեսլականը։ Այսպիսո՞վ է նա ուզում երկարաձգել իր տխուր ու ողբերգական իշխանությունը։

Խաղաղությունը ոչ բարձրագոչ հայտարարություններով է գալու, ո՛չ ստահոդ խոստումներով, ո՛չ խաղաղասիրական սեմինարներով ու ո՛չ էլ զենքերից զարդեր ձուլելով։ Հին ու հայտնի ճշմարտություն է, խաղաղությու՞ն ես ուզում, միշտ պատրաստ եղիր պատերազմի։ Ա՛յս է, այսպե՛ս է, «Սասունցի Դավիթ»՝ ազգային էպոսի հավերժական կերպարները՝ վկա․․․

Հեղինակ՝ Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո