Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի գրառումը․ «Ստամբուլն իր ներկայիս տեսքով պարտական է հայազգի ճարտարապետներին, որոնք իրենց բարձր արվեստի կնիքն են թողել սուլթանների մայրաքաղաքի վրա: Միայն Բալյանների տոհմը ավելի քան երկու տասնյակ պալատ-դղյակ է կառուցել, որոնց թվում Արևելքի պատմության մեծագույն շինությունն ու Թուրքիայի այցեքարտը՝ Դոլմաբահչեն: Բարոկկո ոճի այս պալատը, որն իր շքեղությամբ կարող է մրցել Եվրոպական ցանկացած պալատի հետ, հայր և որդի Բալյանները կառուցել են տասը տարում՝ 1842-1853թթ: Այսօր Դոլմաբահչեում, բազմաթիվ այլ գանձերի հետ, պահվում է նաև Այվազովսկու նկարների հավաքածուն, թվով 23 կտավ, որոնք հանճարեղ ծովանկարիչը նկարել էր Թուրքիայում եղած ժամանակ: Հետագայում, լսելով Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին, Այվազովսկին ծովն է նետում բոլոր մրցանակներն ու պարգևները, որ ստացել էր թուրքական սուլթանի կողմից և երդվում է այլևս երբեք Թուրքիա չայցելել: Հ.Գ. Հետաքրքիր է, արդյո՞ք պահպանվել է Այվազովսկու նկարների հեղինակային իրավունքը, թե՞ դրանք վերագրվում են ուրիշ նկարչի, այնպես, ինչպես Կարապետ Բալյանի փոխարեն Դոլմաբահչեի ճարտարապետ է ներկայացվում իտալացի Բալիանին: Ասենք, դա այնքան էլ էական չէ, ինչպես էական չէ ցեղասպանության ժխտումը ցեղասպանի կողմից: Կարևորը՝ հայ զբոսաշրջիկներին Ստամբուլի օդանավակայանում դիմավորեն ծաղիկներով ու քաղցրավենիքներով: Առողջ եղեք: Լուսանկարներում՝ ճարտարապետ Կարապետ Բալյանը, նրա կառուցած Դոլմաբահչե դղյակը և Ստամբուլի շինհրապարակներից մեկում հայտնված Բալյանի պղծված գերեզմանաքարը»:
|
«Ստամբուլն իր ներկայիս տեսքով պարտական է հայազգի ճարտարապետներին»․ Աիդա Ներսիսյան
Ճարտարապետ Կարապետ Բալյանի պղծված գերեզմանաքարը Ստամբուլում