Ալիևը փաշինյանական Հայաստանի օրինակով բացատրում է ադրբեջանցիներին, թե ինչ վատ բան է սորոսական հեղափոխությունը


Ալիևը փաշինյանական Հայաստանի օրինակով բացատրում է ադրբեջանցիներին, թե ինչ վատ բան է սորոսական հեղափոխությունը
Փետրվար 3 14:57 2022

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այն վերջին երկիրներից է, որտեղ ալիևյան կլանը չի փոխվել ավելի քան 27 տարի:

 

Ուզբեկստանում Իսլամ Քարիմովն այլևս չկա, Ղրղզստանում արդեն մի քանի կլաններ են հասցրել իրար փոխել: Ղազախստանում վերջերս Նուրսուլթան Նազարբաևին հեռացրին իշխանությունից, և նույնիսկ Թուրքմենստանում հանրահայտ Թուրքմենբաշին արդեն վաղուց չի կառավարում: Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի մասին խոսք անգամ չկա: Այստեղ վաղուց իշխանությունները մի քանի անգամ փոփոխվել են: Միայն, փաստացի, Ադրբեջանն է մնացել այս երկրների շարքում անփոփոխ, չհաշված Բելառուսը և, իհարկե, Ռուսաստանը:

Եվ ահա այս իրավիճակը լրջորեն մտահոգում է Իլհամ Ալիևին, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ անսպասելի արագությամբ կատարվեցին վերջին փոփոխությունները Ղազախստանում:  Եվ ահա այս ամենից մտահոգված, Ալիևը գտել է ադրբեջանցիների համար այն «հիմնավորումը», թե ինչու չի կարելի հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում:

Որպես օրինակ Ալիևը բերում է Հայաստանի փորձը: Ըստ նրա, փաշինյանական հեղափոխությունը հայ ժողովրդի համար բերեց միայն պարտություն և ողբերգություն: Կարծես ակնարկելով շարքային ադրբեջանցիներին, որ այդ ուղիով գնալը վտանգավոր կլինի վերջիններիս համար:

Ընդ որում, Փաշինյանի ձախողման փորձն ադրբեջանցիներին հիմնավորման  համար ամենահարմար օրինակն է, որտեղ իսկապես առարկություն դժվար կլինի գտնել:

Փաշինյանական «հեղափոխությունից» հետո հայ ժողովուրդը, բացի զրկանքներից, պարտությունից, պատերազմից, ոչ մի դրական երևույթ չտեսավ: Նույնիսկ խոստացված կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց խաբեության և Փաշինյանի թիմակիցները գիշատիչի ագահությամբ սկսեցին հարստանալ՝ անտեսելով ժողովրդի շահերը: Այս ամենից հետո, իսկապես որ Փաշինյանը բոլոր տեսակի  հարցերում դարձավ Ալիևի համար ամենահարմար կերպարը, սեփական ժողովրդին քարոզելու, թե ինչ վատ բան է լինել «փաշինյան»:

Ընդ որում, ժանրի համաձայն, Ալիևը պետք է շարունակի ծաղրել Փաշինյանին, իսկ վերջինս իրավունք չպետք է ունենա պատասխանելու նրան: Քանի որ վերջինս պարտվել է Ալիևին և ստիպված պիտի խոստանա սեփական ժողովրդին «խաղաղության դարաշրջան» Ադրբեջանի տակ:

Այսպիսի նվաստացված վիճակում, այսպիսի ցածր արժանապատվություն ունեցող ղեկավար հայերը չեն ունեցել վերջին 100 տարվա ընթացքում: Եվ այս ամենից հետո հռետորական հարց է առաջանում՝ հայերի նման անարժանապատիվ վիճակը  օրինաչափությու՞ն է, թե՞ պահի ժամանակավոր իրավիճակ:

Որից էլ կարելի է եզրահանգել, թե ժամանակին հայտնի ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինը հայ ժողովրդի մասով արտահայտվելիս ճի՞շտ էր, թե՞ սխալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am