Ռեկորդների գրանցում՝ թագուհու պատվին. Էլիզաբեթ II թագուհու գահակալման ռեկորդային հոբելյանին ավելի քան 10 մլն մարդ կմասնակցի


Ռեկորդների գրանցում՝ թագուհու պատվին. Էլիզաբեթ II թագուհու գահակալման ռեկորդային հոբելյանին ավելի քան 10 մլն մարդ կմասնակցի
Փետրվար 1 00:58 2022

Ավելի քան 10 մլն մարդ կմասնակցի Մեծ Բրիտանիայում իրականացվելիք տոնական միջոցառումներին՝ նվիրված Էլիզաբեթ Երկրորդ թաղուհու գահակալման 70-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով բրիտանական աղբյուրին:

Նրանք նախատեսում են ռեկորդներ սահմանել միապետի պատվին, որի կառավարումն արդեն իսկ նշանավորվել է մի շարք ռեկորդային նվաճումներով: Հանդիսավոր արարողությունների թվում է տոնական ընթրիքը Վինձորում, որտեղ տեղակայված է թագուհու ամառանոցային պալատը:

Զանգվածային խնջույքի գլխավոր կազմակերպչի խոսքով՝ Բերքշիր կոմսությունում բացօթյա պիկնիկն այս տարի կարող է դառնալ ամենաերկարատևը երբևէ կազմակերպվածներից: Կես կիլոմետր երկարությամբ սեղանի շուրջ կտեղավորվի ավելի քան 1600 մարդ:

Ճաշկերույթը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Երախտագիտության ազգային տոնի օրը, որը երկրի բնակիչներն առաջին անգամ տոնել են անցյալ տարի:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հրապարակել էր տոնոկան միջոցառումների ցանկը: Լոնդոնի կենտրոնում նախատեսվում է շքերթ անցկացնել, որին կմասնակցեն 1400 զինվորական՝ թագավորական ուժերի տարբեր ստորաբաժանումներից, 200 ձի և 400 երաժիշտ:

Հունիսի 3-ին հատուկ հատուկ տոնական պատարագ կմատուցվի Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում, իսկ հաջորդ օրը Բուքինգհեմյան պալատում համերգ տեղի կունենա, որում ելույթ կունենա շոու-բիզնեսի աստղերն ամբողջ աշխարհից:  

Հունիսի 2-5-ը հանգստյան օրեր կհայտարարվեն թագավորությունում, և այդ օրերին այցելուների համար բաց կլինեն թագավորական նստավայրը Սանդրինգհեմում և Բալմորալ ամրոցը Շոտլանդիայում:  

Էլիզաբեթ II-ի ռեկորդները

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գահին բարձրացել է 25 տարեկանում՝ փոխարինելով հորը՝ Ջորջ VI-ին (1895-1952): 2015 թվականի սեպտեմբերին Էլիզաբեթ II-ը գերազանցել է Վիկտորյա թագուհու ռեկորդը գահակալման տևողության առումով:

2016 թվականին, երբ կյանքից հեռացավ Թաիլանդի արքա Ռամա IX-ը, Մեծ Բրիտանիայի թագուհին դարձավ  ամենաերկար իշխողը ներկայում ապրող և կառավարող նեկավարներից:

Երբևէ կառավարած կանանց շարքում նա առաջատարն է գահակալման երկարատևությամբ, սակայն դեռևս չի գերազանցել ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ XIV-ին, որն իշխել է 72 տարի, 110 օր: