«Հետևում Արցախն է»․ տղայիս վերջին բառերն են, չի նահանջել՝ չիմանալով, որ սրիկաներն Արցախը վաճառել են․ Արցախի հերոսի մայր (Տեսանյութ)


«Հետևում Արցախն է»․ տղայիս վերջին բառերն են, չի նահանջել՝ չիմանալով, որ սրիկաներն Արցախը վաճառել են․ Արցախի հերոսի մայր (Տեսանյութ)
Հունվար 29 00:07 2022

Ինձ ու տղայիս համար շատ խորհրդանշական էր այս օրը, երբ Ղարաբաղում էինք, նշում էինք, գնում էինք եկեղեցի, ուրախ-ուրախ վերադառնում։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես էր Բանակի տոնը վերհիշում Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Էսօրվա ղեկավարությունն իրեն «հիվանդացրել» է, որ չգան այստեղ, արժանի էլ չեն, որ գան, մի քանի անգամ ասել եմ՝ մի եկեք, մի պղծեք սրբավայրը։ Ես շնորհավորում եմ զոհված եւ կենդանի բոլոր տղաների 30-ամյա տոնը։ Վազգեն Սարգսյան, չեմ ասում՝ ողորմի, ականջդ կանչի, մի վեր կաց, տես՝ ինչ է կատարվում, Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ, վեր կացեք, տեսեք, Հայոց աշխարհը քանդում են ստոր արարածները, ասպարեզը համբակներուն է մնացել»,- ասում է տիկին Լիդան։

Դավիթ Առուշանյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել, որից հետո ծառայության էր անցել Խոջալուի (Իվանյան) տանկային զորամասում, որտեղ էլ ծառայել է 11 տարի։

«Պատերազմի առաջին օրը դեպի «Եղնիկներ» են գնացել, «Եղնիկներ»-ի զորամասից իջել են դեպի Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, թշնամու զորքը շատ ուժեղ է եղել, նահանջի հրաման է եկել, չի նահանջել, ասել ա՝ ժամանակ չկա, հետեւում Արցախն է՝ տղայիս վերջին բառերն են․․․չիմանալով, որ Արցախը ստոր սրիկաները վաճառել են․․․Զոհվել է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ՝ Արեգասարի մոտ, սեպտեմբերի 29-ին։ 10 ամիս անց՝ մայիսին, նոր գտնվել է, ոչ մի ղեկավարություն, ոչ մեկն ուշադրություն չի դարձրել։ Նիկոլ Հեյդարովի՛չ, մեր գերիներին գնա, ազատիր, եթե կարող ես, բանակցում ես, հանձնում ես հայրենիքը, բանակցի՝ բեր, բանակցում են, որ փրկեն, ոչ թե հանձնեն։ Ուշքի եկե՛ք, ժողովու՛րդ, բանակ ու հիանալի ղեկավարություն, ռազմական գործիչներ ենք ունեցել, ամեն ինչ կորում է»,- նշում է Արցախի հերոսի մայրը։

Պատերազմի օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը առաջնագծից հաղորդվող հերոսական դրվագների շարքում հայտնել էր նաեւ մայոր Դավիթ Առուշանյանի սխրանքի մասին․

«Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա¬վիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել եւ խոցել հակառակորդի 4-ից ավել զրահա¬տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց եւ իր վիրա¬վորվե¬լուց հետո խուճապի չի մատնվել եւ, ցուցաբերելով սառնասրտություն, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել մինչեւ վերջին արկը: Երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է երրորդ ՀՄՄ-ն եւ քաջաբար շարունակել մարտը՝ մխրճվելով հակառակորդի պաշտպա¬նության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը»․․․