Մինչմրցաշրջանային հատվածի շրջանակում ստուգողական հանդիպում տեղի ունեցավ «Բանանցի» և նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբի միջև:
«Բանանց» մարզադաշտում կայացած խաղում թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասները և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Երկու թիմերն էլ ընդմիջմանը մեծ թվով փոփոխություններ կատարեցին` հնարավորություն տալով խաղալու փորձարկվող ֆուտբոլիստներին:
«Բանանցը» խաղալու հնարավորություն տվեց թիմի նորեկներ Ալեքսանդր Ջոկովիչին, Ռումյան Հովսեփյանին, Գևորգ Հովհաննիսյանին և Ղուկաս Պողոսյանին, ինչպես նաև ուկրաինացի պաշտպան Մատվեյ Գույգանովին և Մալաքյան եղբայրներին, որոնք դեռևս պաշտոնապես չեն համալրել երևանյան թիմի կազմը:
Նշենք` «Արցախ» ֆուտբոլային թիմը, որը հաջորդ մրցաշրջանից կխաղա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, առաջին կեսում հանդես եկավ հետևյալ կազմով.
Գրիգոր Մակարյան, Համլետ Ասոյան, Գոռ Մկրտումյան, Արթուր Սահակյան, Արմեն Դուրունց, Ժորա Նազարյան, Արթուր Գրիգորյան, Արմո Ադամյան, Վահան Ադլոյան, Դավիթ Բաբայան, Կարեն Շահբազյան:
Նշենք` հաջորդ ստուգողական հանդիպումն «Արցախը» կանցկացնի հուլիսի 7-ին` ՊԵԿ-ին պատկանող նախկին «Միկա» մարզադաշտում մրցելով «Ալաշկերտի» հետ: «Բանանցը» ևս հաջորդ ստուգողական խաղը կանցկացնի հուլիսի 7-ին` սեփական մարզադաշտում խաղալով իրանական «Պարս Ջանուբի Ջամի» հետ:










