Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանն աշխատանքային այցով ուղևորվել է Իրանի Ղոմ քաղաքը և հանդիպել է Կրոնների համալսարանի տնօրինության հետ:
Առաջին հայացքից որևէ արտակարգ բան չհուշող այս լուրը միևնույն ժամանակ կարող է տարօրինակ համարվել, եթե հիշենք, որ հարգելի դեսպանը դեռ չի հանդիպել Իրանի հայկական համայնքի հետ, նույնիսկ Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ չի այցելել ու չի շնորհավորել Թեհրանի հայոց թեմի առաջնորդին, ինչը արարողակարգային ընդունված սովորություն է, որը հարգում են Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպանը: Արդար լինելու համար հավելենք, որ դեսպան Արսեն Ավագյանը երկու անգամ՝ 44-օրյա պատերազմի հոգեհանգստյան արարողության ու նաև Ս. Ծննդյան տօնի պատարագին մասնակցելու համար, ներկա է գտնվել առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
Թվում էր, որ համայնքի ղեկավարության հետ չհանդիպելը պայմանավորված կարող էր լինել նրանով, որ Թեհրան ժամանելուց երկու ամիս անց դեսպանը դեռ իր հավատարմագիրը չի հանձնել ԻԻՀ նախագահին կամ ավելի ճիշտ ԻԻՀ նախագահը չի ընդունել նորանշանակ դեսպանի հավատարմագիրը:
Ղոմ կատարած աշխատանքային այցը սակայն ապացուցում է, որ խնդիրն այլ բանում է: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունների կողմից հրահանգ կա չհանդիպել տեղի հայկական համայնքի ղեկավարության հետ, որը համարվում է ավանդական այն սփյուռքի ներկայացուցիչը, որին փորձում է հակադրվել նիկոլ փաշինյանը:










