ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավրոս Սափեյանը երդվել չի կարողանում. ի վերջո ո՞վ կզիջի Թալինում


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավրոս Սափեյանը երդվել չի կարողանում. ի վերջո ո՞վ կզիջի Թալինում
Հունվար 14 11:10 2022

Դեկտեմբերի 5-ին Թալինում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքը թեև համայնքապետ ընտրել է, բայց ավագանին նիստ չի գումարել՝ ապահովելու ընտրված համայնքապետի երդմնակալությունը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նշենք, այստեղ նույնպես ամեն ինչի գնով ու ատամներով պահելով իշխանություն ձևավորեց: Թալինի 21 հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաև Կարեն Գրիգորյանը՝ «Հայք» խմբակցությունից, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետևաբար, ՔՊ-ի 10 ձայնն այժմ բավարար չէ ավագանու նիստ հրավիրելու համար:

Թալին խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Տավրոս Սափեյանն այժմ մեղադրում է ավագանու ընդդիմադիր անդամներին՝ սաբոտաժ իրականացնելու մեջ: «Չենք պատրաստվում հանդուրժել այս սաբոտաժը։ Մենք տեր ենք կանգնում մեր քվեներին և պայքարում ենք ի բարօրություն ողջ համայնքի»,- ասում է նա: Նրա մեղադրանքներին ընդդիմադիրները դատարան դիմելով են պատասխանում՝ իրավապահ համակարգից ակնկալելով անվավեր ճանաչել Տավրոս Սափեյանի ընտրությունը:

Հիշեցնենք, որ ընտրության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո Տավրոս Սափեյանն ու թիմակիցները, չգիտես ինչ հաշվարկներով, շամպայնով, ծափ-ծիծաղով հաղթանակ էին տոնում: Սակայն ԿԸՀ-ի մանդատների բաշխումից հետո, ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։ Սակայն նարընտիր ավագանու առաջին նիստին Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել և իր ձայնը տվել էր ՔՊ-ական Տավրոս Սափեյանին: Քվեարկության արդյունքում՝ Տավրոս Սափեյանն ստացել էր 11, իսկ ընդդիմադիրների մյուս թեկնածուն՝ Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Թալինի ընտրության ու դրան հաջորդ զարգացումների թնջուկն մինչ այս պահը շարունակում է անհասկանալի մնալ:

Տավորս Սափեյանն ամեն գնով փորձում է երդվել ու գործի անցնել, ընդդիմադիրները դեռևս համառորեն ու միասնական չեն ապահովում ավագանու նիստի քվորումը: Ի վերջո ով տեղի կտա, կամ ով, ում, ինչպես ու ինչով կահաբեկի, կհամոզի, դեպքերն ու զարգացումները ցույց կտան:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան

 
 

 





loading...