Ալիեւը հոխորտացել է, թե ադրբեջանցի զինծառայողի մահը անպատասխան չի մնա


Ալիեւը հոխորտացել է, թե ադրբեջանցի զինծառայողի մահը անպատասխան չի մնա
Հունվար 12 21:20 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ շարունակելու են մեծ գումարներ ռազմական նպատակներով ու սպառնացել Հայաստանին, թե վտանգ նկատելու դեպքում քայլեր կձեռնարկեն։

«Ռազմական շինարարության հարցերը միշտ առաջնային տեղ են զբաղեցրել իմ օրակարգում։ Ես միշտ նշել եմ, որ ամենամեծ ծախսերը պետք է ուղղվեն ռազմական շինարարությանը»։ Այս մասին հունվարի 12-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա նաեւ հայտարարել է, թե հետեւում են Հայաստանում զինված ուժերի շինարարությանը։ «Բաքուն հետեւում է Հայաստանում զինված ուժերի շինարարության բոլոր փորձերին։ Եթե նկատենք փոքր ինչ սպառնալիք, ապա այն կվերացվի՝ անկախ նրանից, թե որտեղ գտնվում, Հայաստանի տարածքում ինչ խորության վրա»,- նշել է նա։

Ալիեւը դժգոհել է, թե  Հայաստանում ուժեղ են ռեւանշիստական տրամադրությունները՝ թե իշխանության, թե ընդդիմության, թե հասարակության մոտ ու հայկական կողմի վրա բարդել հունվարի 11-ին իրենց իսկ ագրեսիայի հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան պատասխանատվությունը։ 

Նշելով ադրբեջանցի զինծառայողի մահը՝ Ալիեւը հայտարարել է, թե  պատերազմից հետո առաջին դեպքը չէ, ապա նաեւ հոխորտացել. «Ցավոք, մեր նախորդ բոլոր գործողությունները դաս չդարձան Հայաստանի համար»։ 

Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Ալիեւը նշել է, թե  ադրբեջանցի զինծառայողի մահը երբեք անպատասխան չի մնա։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հաղորդել է, որ թշնամին հերթական  ռազմական ագրեսիան էր ձեռնարկել  հունվարի 11-ին. նախ   ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ապա ժամը 17։30-ի սահմաններում վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանն  օգտագործել է նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։