Ղազախստանում Թուրքիան իրադրությունն իր ձեռքը վերցնելու որևէ շանս այս պահին չունի. թուրքագետ


Ղազախստանում Թուրքիան իրադրությունն իր ձեռքը վերցնելու որևէ շանս այս պահին չունի. թուրքագետ
Հունվար 10 20:25 2022

Թուրքիան մեծ շանսեր է տեսնում Ղազախստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու և իր ազդեցության գոտի տեղափոխելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Ղազախստանում տիրող իրադարձություններին։

Թուրքագետը նշում է, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ թուրքալեզու մյուս հանրապետություններում Թուրքիան փորձում է տարբեր հասարակական, կրոնական կազմակերպությունների, քաղաքական միավորումների միջոցով իր ազդեցությունը պահպանել և ամենահարմար պահին գլուխ բարձրացնել, ինչպես դա արեց Ղազախստանի դեպքում։

«Բողոքի ցույցերն առիթ հանդիսացան դրսի ուժերին կազմակերպելու լուրջ և լայնամասշտաբ ընդվզում իշխանությունների դեմ»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավիթօղլու գրառմանը, որտեղ թուրք գործիչը մտահոգիչ է համարել Ղազախստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու փաստը, թուրքագետը նկատեց՝ նրանք ցավով արձանագրում են, որ իրենց քայլերը հաջողությամբ չեն պսակվել։

«Թե՛ Չավուշօղլուի հայտարարությունը, թե՛ Ղազախստանի հետ կապված տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այդ մասին են խոսում։ Թուրքիան այս պահին առավելագույնը կարող է հայտարարություններ անել և փորձել տարբեր խմբավորումների միջոցով ինչ-որ խլրտումներ առաջացնել։ Ինչպես տեսնում ենք լայնածավալ բողոքի ակցիաները գրեթե հանդարտվել են։ Ղազախստանի բնակչությունը կարծես հասկացել է, որ գործիք է դարձել դրսի ուժերի ձեռքում»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը։

Ղազախստանում այժմ իրադրությունն իր ձեռքն է վերցրել Ռուսաստանը՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, իսկ Թուրքիան իրադրությունն իր ձեռքը վերցնելու որևէ շանս այս պահին դեռ չունի։ Թուրքագետը չի բացառում, որ ամեն պահի իրադարձությունները կարող են այլ ուղով զարգանալ, բայց այս պահին դրա հավանականությունը շատ քիչ է։

Անդրանիկ Իսպիրյանը չի կարծում, որ մոտակա ժամանակներում նմանատիպ ընդվզում կարող է լինել։

Հարցին, թե Թուրքիայի հաջորդ թիրախը ո՞ր երկիրը կարող է լինել, Անդրանիկ Իսպիրյանն ընդգծեց՝ Թուրքիան տարբեր երկրներում իր ազդեցությունը մեծացնելու ավանդույթ ունի։ Ինչպես թյուրքական երկրներում, այնպես էլ եվրոպական լուրջ երկրներում։

«Թուրքիայի իշխանությունները հաջող փորձ ունեն, թե ինչպես արմատավորվեն տարբեր երկրներում և գործունեություն ծավալեն»,-հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։