Ալմաթիի արվարձանում մարտեր են ընթանում


Ալմաթիի արվարձանում մարտեր են ընթանում
Հունվար 8 20:36 2022

Ալմաթի արվարձանում՝ Բիշքեկ տանող մայրուղու երկայնքով, մարտեր են ընթանում, հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Խոսքը Ռայմբեկ գյուղի շրջակայքի մասին է։ Մարտերը շարունակվում է մի քանի ժամ»,- գործակալությանը հայտնել են տեղի բնակիչները։

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: