Նազարբաևը Նուրսուլթանում է. քաղաքացիներին կոչ է արել համախմբվել գործող նախագահի շուրջ


Նազարբաևը Նուրսուլթանում է. քաղաքացիներին կոչ է արել համախմբվել գործող նախագահի շուրջ
Հունվար 8 12:24 2022

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի շուրջ, որպեսզի հաղթահարեն ճգնաժամը և պահպանեն երկրի ամբողջականությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղարին։

Նրա խոսքով ՝ Նազարբաևն այժմ գտնվում է Նուրսուլթանում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մեկնել է Չինաստան։

«Խնդրում ենք կեղծ տեղեկատվություն չտարածել։ Նա անցկացնում է մի շարք խորհրդակցություններ և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է քարտուղարը թվիթերի իր էջում։

Նշվում է նաև, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ պետությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: