Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ուղերձի ընթացքում հրամայել է ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել՝ առանց նախազգուշացման և հավելել՝ Ղազախստանը գործ ունի ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա հանցագործների հետ։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, երկրի նախագահն ընդգծել է, որ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։ Տոկաևն հավելել է, որ իշխանությունները լսել են ցուցարարների բոլոր պահանջները, որոնք արտահայտվել են խաղաղ ձևով: Ընդ որում, ահաբեկիչների հետ կառավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել։
«Արտերկրում կողմերին կոչ է արվում բանակցություններ վարել խնդիրների խաղաղ լուծման համար։ Ինչ հիմարություն։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ», - հավելել է Տոկաևը։ Նրա ելույթը հեռարձակել է Հաբար 24 հեռուստաալիքը։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Տոկաևը նշել է, որ խոսքը «ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա» հանցագործների մասին է: «Այդ պատճառով նրանց պետք է ոչնչացնել, և դա կարվի մոտ ժամանակներս։ Իրավապահ ուժերը պատրաստ են կատարել այդ խնդիրը», - հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։
Նախագահը կարծում է, որ Ղազախստանը քնած է եղել ահաբեկիչների հարձակման ժամանակ։
«Կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է պետությունը «քնել» գրոհայինների կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստման ժամանակ», - նշել է նա:
Իրավիճակի կայունացմանը զուգընթաց երկրի ղեկավարությունը փուլ առ փուլ մարզերում կհանի արտակարգ դրության ռեժիմը և կվերականգնի համացանցի աշխատանքը: Նախագահը հայտնել է, որ Ղազախստանին չի բավարարում իր՝ հատուկ նշանակության ջոկատայիններն ու տեխնիկան։ Չնայած դրան, հանրապետության ուժայինները օպերացիան կհասցնեն ավարտին։ Տոկաևի խոսքով ՝ «ով չի հանձնվի, կոչնչացվի»: Նրա խոսքով միայն Ալմաթիում գործ ունեն 20 հազար հանցագործի հետ։
Ավելի ուշ երկրի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հայտնել է, որ այս պահին ամբողջ Ղազախստանում 3706 մարդ է ձերբակալվել։










