Ղազախստանի մեծ մասում սահմանադրական կարգը վերականգնվել է, իրավապահները վերահսկում են իրավիճակը, բայց գրոհայինների դեմ պայքարը շարունակվում է։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ առավոտյան հակաահաբեկչական շտաբի նիստի ժամանակ հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Սկսվել Է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում: Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը»։
Տոկաևը հավելել է, որ ահաբեկիչները շարունակում են զենք կիրառել, ուտի նրանց դեմ պետք է պայքարել մինչև վերջ։
«Ահաբեկիչները առաջվա պես զենք են կիրառում, վնասում քաղաքացիների ունեցվածքը, ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչև զինյալների լիակատար ոչնչացումը»։
Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:










