Հունվարի 3-ին, ժամը 12.25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5 եւ 8 տարեկան երկու երեխայի։ Վթարի հետեւանքով տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից։
Նույն օրը, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկից «ճակատային շրջանի եւ դեմքի սալջարդ քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 31-ամյա տղամարդու, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել վրաերթի ենթարկված երեխաների ծնողները:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Օպելի» վարորդին ծեծի են ենթարկել 39 եւ 40-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 17.00-ին նրանք ներկայացել են բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն, որ հարվածներ են հասցրել վարորդի մարմնին, ինչպես եւ կոտրել են «Օպելի» կողային հայելին ու ապակին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։