Էջմիածնում վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար


Էջմիածնում վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Դեկտեմբեր 25 20:40 2021

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 

Մինչ հիվանդանոցում պարզվում էին դեպքի հանգամանքները, Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը տեղեկություններ է ստանում, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ու արդեն՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, պարզում են, որ վրաերթը տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում:  

Ժամերի ընթացքում ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի ոստիկանները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են հրավիրում Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին:

Նրա տան բակում հայտնաբերվում է ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան, որը հետաքննիչ Ն. Պետրոսյանի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   Կասկածյալ Սուրիկ Ա.-ն ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ, և նա ասել է. «Աշխատանքից հոգնած եկել եմ, ասի մի երկու բաժակ խմեմ, քնեմ: Դրա համար էլ խմած եմ»: