Պարզվել է՝ Երևանում BMW X5-ը հրկիզել են. հրկիզողն էլ BMW-ի տիրոջը 30 հազար դոլար է պարտք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


Պարզվել է՝ Երևանում BMW X5-ը հրկիզել են. հրկիզողն էլ BMW-ի տիրոջը 30 հազար դոլար է պարտք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Դեկտեմբեր 21 18:25 2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են դեկտեմբերի 17-ին Մամիկոնյանց փողոցի 50  հասցեի բակում, նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Արա Իսախանյանին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ հրկիզելու փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, որոշ հանգամանքներ են պարզել և կա արդեն ենթադրյալ կասկածյալը, ում տվյալները նախաքննության շահերից  ելնելով՝ չենք հրապարակում, սակայն պատճառը եղել է այն, որ կասկածյալը Ա. Իսախանյանին մոտ  30 հազար  դոլար պարտք է եղել և  Ա. Իսախանյանը այդ հարցով դիմել է դատարան, որպեսզի պարտապանը գումարը վերադարձնի, սակայն նա  հանդիպել է  Ա. Իսախանյանին և հայտնել, որ պետք է նա բողոքը հետ վերցնի ու երբ մերժում է ստացել, հրկիզել է BMW-ն:​Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք  էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Մամիկոնյանց փողոցի թիվ 50 շենքի բակում  կայանված ավտոմեքենա է այրվում: Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ, ինչպես նաև 1 ջրատար: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:  Վերջիններս մարել էին BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել էր ավտոմեքենայի սրահը, այն դարձել է  ոչ շահագործելի: Օպերատիվորեն ժամանել էր նաև  ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: