«Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման. Ալիևը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին


«Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման. Ալիևը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Դեկտեմբեր 14 19:48 2021

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ: Սա պարտավորություն է Հայաստանի համար։ «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքներում մուտքի ռեժիմները պետք է լինեն նման: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքում է»,- ասել է պետության ղեկավարը։

 
 

Նա նշել է, թե եռակողմ հայտարարություններում ասվում է, որ Բաքուն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Ի պատասխան՝ Երեւանը պետք է ապահովի նույն անխոչընդոտ մուտքը դեպի «Զանգեզուրի միջանցք»։

«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նաև զեկուցել է երկաթուղային հաղորդակցության և Հայաստանով Ադրբեջանից Նախիջևան տանող ավտոմայրուղու կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։

Ըստ Ալիևի` «Փաշինյանի ու Միշելի հետ այսօրվա հանդիպումը շատ բան կպարզաբանի»: