Տավուշի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Կայքը հայտնում է, որ նույն վայրում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 37-ամյա Դավիթ Մելքումյանը, ով Mercedes մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրահեռացման ջրատարի մեջ:
Հրշեջ-փրկարարները նշված ավտոմեքենան դուրս է են բերել երթևեկելի գոտի, իսկ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտի են դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 2 վթարի պատճառը տեղի ճանշինի մեղավորությունն է, քանի որ մատը մատի չեն խփել ճանապարհի մերկասառույցը մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում: