Սաուդյան Արաբիան Կարմիր ծովում լողացող քաղաք կկառուցի. այն կունենա աշխարհում առաջին լիովին ավտոմատացված նավահանգիստը


Սաուդյան Արաբիան Կարմիր ծովում լողացող քաղաք կկառուցի. այն կունենա աշխարհում առաջին լիովին ավտոմատացված նավահանգիստը
Նոյեմբեր 27 22:38 2021

Սաուդյան Արաբիան ներկայացրել է հավակնոտ ծրագիր, որը վերաբերում է Կարմիր ծովում լողացող քաղաք կառուցելուն: Ութանկյունաձև քաղաքն անվանվել է Օքսագոն (Oxagon) և պատրաստ լինելուց հետո կդառնա աշխարհի ամենամեծ լողացող կառույցը, որը կունենա «աշխարհի առաջին լիովին ավտոմատացված նավահանգիստը և կլինի ինտեգրված լոգիստիկ հանգույց», գրում է luxurylaunches.com-ը: 

Թեև մանրամասները ներկայում անորոշ են, բայց պաշտոնական մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այն կտեղակայվի թագավորության հյուսիս-արևմուտքում գտնվող Նեոմ նորաստեղծ քաղաքի եզրին:

Կարմիր ծովն աշխարհի ամենածանրաբեռնված առևտրային ուղիներից մեկն է, որտեղով ամեն տարի անցնում է համաշխարհային առևտրի 10%-ը. այս փաստը շատ կարևոր է դարձնում Օքսագոնի գտնվելու վայրը:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Օքսագոնը կլինի ամբողջությամբ  մաքուր էներգիայով սնուցվող քաղաք:

«Օքսագոնը կլինի Նեոմում և թագավորությունում տնտեսական աճի և բազմազանության կատալիզատորը», - ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: