ՌԴ նախագահը ամփոփիչ ելույթում խոսեց միջանցքների ապաշրջափակման մասին. Զանգեզուրի միջանցքի շուրջ կուլիսային պայմանավորվածություն կա.Սոֆյա Հովսեփյան


ՌԴ նախագահը ամփոփիչ ելույթում խոսեց միջանցքների ապաշրջափակման մասին. Զանգեզուրի միջանցքի շուրջ կուլիսային պայմանավորվածություն կա.Սոֆյա Հովսեփյան
Նոյեմբեր 27 15:33 2021

Իշխանությունները հերթական անգամ համաձայնվեցին ադրբեջանական օրակարգին, իսկ հայկական կողմն այդպես էլ ոչինչ չստացավ, ավելին՝ մեզ ավելի ծանր պայմաններ թելադրվեցին, որն էլ ընդունվեց Նիկոլ Փաշինյանի կողմից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով երեկ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանն ու դրա արդյունքների մասին տարածված հայտարարությանը:

Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ՝ հայտարարության հիմնական դրույթը սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսելու հարցն է, որի արդյունքում, ըստ նրա, հնարավոր է խնդիրներ ունենանք ոչ միայն Սյունիքում, այլ նաև մյուս մարզերում.

«Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության միջից դուրս էր բերված անկլավների հարցը, այս պարագայում հստակ է, որ սահմանագծման և սահմանազատման արդյունքում կունենանք բավականին լուրջ իրավիճակ ոչ միայն Սյունիքում, այլ նաև՝ Տավուշում, Արարատում, Սյունիքում , Վայոց ձորում»,-ասաց նա:
Հարցին՝ թե առանց Արցախի կարգավիճակի հստակեցման սահմանազատման և սահմանագծման գնալն ի՞նչ հետևանքներ կարող ՝ ունենալ պատգամավորն ասաց.

«Դա ամենակարևոր հարցն է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի դեպքում ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ռուսական զորքերի դուրս բերումից հետո ի՞նչ է լինելու Արցախի հետ՝ եթե կարգավիճակ չունի: Այսինքն՝ մենք հիմա քնեցնում ենք ժողովրդին, որ 5 տարի հետո ուղղակիորն Արցախն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասաց Հովսեփյանը:

Զրուցակիցը նկատեց՝ փաստաթղթում գրված է ճանապարհներ արտահայտությունը, իսկ բանավոր խոսքում ՌԴ նախագահի կողմից հնչել է միջանցք արտահայտությունը, ըստ Հովսեփյանի՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ կուլիսային պայմանավորվածություն կա.

«Սա խոսում է այն մասին, որ կուլիսային պայմանավորվածությամբ Զանգեզուր բառը հանվել է, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն հարցից, քանի որ մարդկանց դժգոհությունները Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ են: Զանգեզուր բառը, երբ դուրս է բերվում, մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնի դրան, բայց ՌԴ նախագահը ամփոփիչ ելույթում խոսեց միջանցքների ապաշրջափակման, այլ ոչ թե ճանապարհների մասին: Մենք շատ լավ գիտենք, որ ճանապարհը և միջանցքը նույնը չի, եթե խոսքը ճանապարհի մասին է, ինչո՞ւ է արտաբերվում միջանցք բառը:

Եթե միջանցք եղավ, ապա մեր տիրապետության տակ այն չի լինելու, խոսվեց նաև ռուսական կողմի վերահսկողության մասին, սակայն դա էլ անհասկանալի է»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանն արձանագրեց, որ դեռևս նոյեմբերի 9-ի կարևորագույն կետերը չեն կատարվել՝ մասնավորապես Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել գերիներին, սակայն իշխանությունները շտապում են նոր փաստաթուղթ ստորագրել.

«Այս նոր հայտարարության մեջ խոսում են հումանիտար հարցերի մասին, հումանիտար հարցերը հավանաբար գերիներին է վերաբերվում, բայց որևէ բան չի հստակեցվում, կարելի է ենթադրել, որ գերիների հարցն այդպես էլ չի լուծվում»:

Զրուցակիցը նաև հիշեցրեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի քանի անգամ շեշտել է, որ սահմանագծման և սահմանազատման հարցի մասին քննարկում կլինի այն ժամանակ, երբ գերիների հարցի լուծվի և ադրբեջանցի զինվորները դուրս բերվեն Հայաստանի տարածքից.

«Կարող ենք փաստել, որ ԱԳ նախարարի պահանջը և վարչապետի բանակցությունները չեն համընկնում: Ոչ միայն գերիների պահը ճշտվեց, այլ նաև նոյեմբերի 16-ի մեկօրյա լարվածությունից հետո խոսվեց այն մասին, թե գերիների հարցը պետք է քննվի, այսինքն՝ իրենց համար սա դառնում է երկրորդական հարց, մինչև քննեն, տեսնեն՝ ի՞նչ պատճառով են գերի ընկել, և միգուցե իրենք առհասարակ չզբաղվեն այդ հարցով, այնինչ բոլորս էլ գիտենք, որ գերի ընկնելու հիմնական պատճառներից մեկը եղել է անփույթ կազմակերպվածությունը և հրամանի բացակայությունը»,-ասաց նա:

Նկատենք, որ եռակողմ հայտարարության մեջ որևէ կերպ արձանագրված չէ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման մասին ՀՀ ինքնիշխան տարածք, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը խոսեց դրա մասին:

Ըստ Հովսեփյանի՝ չբարձրաձայնեց, քանի որ «ունի կրավորական կեցվածք դրա նկատմամբ և անկարողություն».