Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխել, նման սադրանքները, հայասպանության դեպքերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի Ադրբեջանի համար ցանկալի «արդյունք» չեն տվել. Աղաբաբյան


Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխել, նման սադրանքները, հայասպանության դեպքերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի Ադրբեջանի համար ցանկալի «արդյունք» չեն տվել. Աղաբաբյան
Նոյեմբեր 13 14:48 2021

Պետության դե ֆակտո բացակայությունը, թողտվության հանգեցնող լռությունը, անտարբերությունն ու ամլությունը օրինաչափորեն բերում են նրան, որ անհատը կամ հավաքական հանրույթը, ինքնապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, սկսում են գործել ինքնուրույն, ինչն էլ եղավ այսօր․ Մարտիկի եղբայրը՝ Նելսոնը, ի պատասխան եղբոր սպանության և այսօրվա սադրանքներին՝ նռնակ նետեց Շուշիի մոտ գտնվող անցակետի վրա։ Անմիջապես փակվեց Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհը, ողջ Արցախը՝ իր 50000-ից ավել բնակչությամբ, դե ֆակտո կտրվեց Հայաստանի Հանրապետությունից, հայտնվեց աքցանի մեջ։ Արդյո՞ք Ադրբեջանի ուզածը/ծրագրածն էլ հենց սա չէր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը։

«ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ CASUS BELLI
55 տարի առաջ՝ 1966 թ․-ին, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում դաժանորեն սպանվեց 2-րդ դասարանցի Նելսոն Բենիկի Մովսիսյանը։ Դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովն իր բարեկամների՝ դպրոցի պահակ Ալամշադի ու վարորդ Զոհրաբի հետ առևանգում է Նելսոնին ու դաժանորեն սպանում․ երեխայի գլխի մեջ մեխ են մեխում, խոշտանգում են, հանում են աչքերը․․․
Հանցանքն ապացուցված էր, բոլորը վստահ էին, որ դատավորը գնդակահարության վճիռ է կայացնելու։ Սակայն հնչում է միանգամայն այլ դատավճիռ՝ Արշադ Մամեդովին 15 տարվա, Ալամշադին՝ 12 տարվա ազատազրկում, Զոհրաբին ազատել դատարանի դահլիճից։ Այս անպատժելիությունից խելագարված՝ արցախցիները հենց տեղում սեփական դատաստանն են տեսնում՝ սպանում են 3 մանկասպաններին, լցնում «Черный вор» կոչված մեքենան ու վառում։

Ադրբեջանական իշխանությունները, օգտվելով այս "առիթից", նոր հետապնդումներ են սկսում Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ խոշտանգումներ, ձերբակալություններ, մահվան դատապարտումներ, ազատազրկումներ, աշխատանքից ազատումներ և այլն։ Փաստացի, ըստ ամենայնի Ադրբեջանական ԽՍՀ հատուկ ծառայությունների կողմից նախապես ծրագրված այս միջադեպն այն ժամանակ արցախցիների դեմ ահաբեկչության և ռեպրեսիաների նոր ալիքի առիթ դարձավ։
Գանք մեր օրեր։
2021-ի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարը սպանեց Մարտակերտի հարևանությամբ իր նռան այգում աշխատող 55-ամյա Արամ Տեփնանցին։ Սպանությունը մնաց անհետևանք ու անպատիժ։ Մեր կողմից ոչ մի արձագանք։

Նոյեմբերի 8-ին Շուշիի հարևանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցին, ըստ ամենայնի հրահանգավորված, սպանեց 22-ամյա Մարտիկ Երեմյանը, վիրավորեցին երեքին։ Կրկին՝ սպանությունը մնաց անհետևանք ու անպատիժ, մեր պատկան մարմինների կողմից 0 արձագանք։

Պետության դե ֆակտո բացակայությունը, թողտվության հանգեցնող լռությունը, անտարբերությունն ու ամլությունը օրինաչափորեն բերում են նրան, որ անհատը կամ հավաքական հանրույթը, ինքնապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, սկսում են գործել ինքնուրույն, ինչն էլ եղավ այսօր․ Մարտիկի եղբայրը՝ Նելսոնը, ի պատասխան եղբոր սպանության և այսօրվա սադրանքներին՝ նռնակ նետեց Շուշիի մոտ գտնվող անցակետի վրա։ Անմիջապես փակվեց Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհը, ողջ Արցախը՝ իր 50000-ից ավել բնակչությամբ, դե ֆակտո կտրվեց Հայաստանի Հանրապետությունից, հայտնվեց աքցանի մեջ։ Արդյո՞ք Ադրբեջանի ուզածը/ծրագրածն էլ հենց սա չէր։

Այս պահին ճանապարհն իհարկե բաց է, բայց հայտնի չէ՝ դեպքերն ինչ ընթացք կարող են ստանալ։ Վստահաբար կարելի է ասել մեկ բան․ Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխել, նման սադրանքները, հայասպանության դեպքերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի Ադրբեջանի համար ցանկալի "արդյունք" չեն տվել, չեն դարձել casus belli՝ ողջ Արցախը բռնազավթելու և հայաթափ անելու համար»,- գրել է Աղաբաբյանը։