«Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված նոր իրավիճակն ընդունելի է Իրանի համար». Է. Բեգիջանյան


«Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված նոր իրավիճակն ընդունելի է Իրանի համար». Է. Բեգիջանյան
Նոյեմբեր 12 23:30 2021

 

«Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված նոր իրավիճակն ընդունելի է Իրանի համար: Երբ Ադրբեջանը մաքսատուրք չտալու համար ձերբակալեց իրանցի 2 վարորդներին, նպատակ ուներ Իրանին ստիպելու ընդունել, որ իրանցի վարորդները մտել են Ադրբեջանի  տարածք: Ադրբեջանն ազատ արձակեց իրանցի վարորդներին, և Իրանը իր վարորդներին ասաց, որ այլևս դա ադրբեջանական տարածք է, թյուրիմացություն է եղել, և մեր վարորդներն այլևս չեն անցնի այդտեղով: Իրանն իր խնդիրը համարում է լուծված, մնացածը Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է: Ստացվում է, որ Գորիս-Կապան հատվածում Իրանը և Ադրբեջանը իրենց խնդիրը լուծել են:

Իրանին ձեռնտու է, որ այդ հատվածը տան, բայց միջանցք չլինի, որովհետև Իրանի համար կարմիր գիծ է Սյունիքով միջանցք տրամադրելու հարցը, և այս հարցում է, որ մեր և Իրանի շահերը համընկնում են: Սյունիքով եթե միջանցք տրամադրվի, սա նշանակում է, որ հայ-իրանական սահման չի լինի, այսինքն՝ Իրանը կորցնում է այլընտրանքային ճանապարհ դեպի Արևելյան Եվրոպա, և սա Իրանի համար շատ կարևոր է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ անդրադառնալով Գորիս–Կապան ճանապարհին ստեղծված նոր իրավիճակին:

 
 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Եթե փաստացի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել, ինչպե՞ս է որոշվել, որ դա Ադրբեջանի տարածք է:

Էմմա Բեգիջանյան

Անդրադառնալով հարցադրմանը՝ Էմմա Բեգիջանյանը հայտարարեց.

«Վարչապետը հղում է անում ԽՍՀՄ վարչական բաժանման օրենքին, բայց դա չպետք է արվեր, որովհետև  հետո Ադրբեջանը կարող է  հղում անել, որ դա Հայաստանն է ամենաբարձր մակարդակով հայտարարել:

Բոլոր դեպքերում սահմանազատումը կատարվում է քարտեզների հիման վրա, բայց այն քարտեզների հիման վրա, որոնք միջազգայնորեն ճանաչված են:

 

Սահմանազատումը և սահմանագծումը երկար գործընթաց է, և պետք է հաշվի առնել, որ գործ ունենք թշնամի երկրի հետ, և ինչքան դժվար է լինելու մեզ համար:

Վրաստանի հետ որ ոչ մի տարաձայնություն չունենք, վերջերս նոր սկսվել է ավարտին հասնել, այնպես որ սա երկար-բարակ  պրոցես է, այն էլ երբ այդ սահմանազատումը թշնամական երկրի հետ է»,- հայտարարեց իրանագետը:

«Իրանցիները կսպասեն այնքան, մինչև այլընտրանքային տարբերակը կաշխատի: Իրանցիները եթե անցնեն Գորիս-Կապան ճանապարհով, ապա պիտի հարկ վճարեն: Ես կարծում եմ, որ իրանական կողմը  կգնա Տաթևի հատվածով, որովհետև եթե որոշի գնալ Գորիս-Կապան ուղղությամբ, պետք է վճարի ադրբեջանական կողմին»,- եզրափակեց Էմմա Բեգիջանյանը:

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում մաքսակետեր կտեղադրվեն, և նոյեմբերի 11-ի լույս  կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

Անահիտ Չալիկյան