Թուրքիան նախատեսում է ևս մեկ տարով երկարաձգել Ադրբեջանում իր զորքերի գտնվելու ժամկետը


Թուրքիան նախատեսում է ևս մեկ տարով երկարաձգել Ադրբեջանում իր զորքերի գտնվելու ժամկետը
Նոյեմբեր 9 20:02 2021

Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Ադրբեջանում թուրքական զորքերի գտնվելու ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու առաջարկ, հայտնում է Sabah-ը։

«Թուրքիան, որն ի սկզբանե վճռականորեն աջակցում էր Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները, ներառյալ տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի եւ օրինական ինքնիշխան իրավունքների հիման վրա, կարեւոր նախաձեռնություններ է սկսում տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու, ինչպես նաեւ դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքները կառուցելու ու վերականգնելու համար»,- ասված է երկրի նախագահի առաջարկության մեջ։

Նշվում է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարը վերահսկելու նպատակով ստեղծված Թուրքիայի եւ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ստեղծված միացյալ կենտրոնը հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը»։ «Թուրքիան նաեւ համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը»։