Հայ ժողովուրդը մեկ փրկություն ունի՝ միասնությունը. Արտյոմ Վարդանյան


Հայ ժողովուրդը մեկ փրկություն ունի՝ միասնությունը. Արտյոմ Վարդանյան
Նոյեմբեր 8 16:10 2021
 
Russia-armenia.info լրատվամիջոցը ծավալուն հարցազրույց է ունեցել Մոսկվայի հայերի միության նախագահ՝ Արտյոմ Վարդանյանի հետ, որի հայերեն տարբերակը ներկայացնում ենք. ստորև
 
-Հարգելի Արտյոմ Մնացականովիչ, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ Ձեր կենսագրությանը։ Կարո՞ղ եք մի փոքր պատմել Ձեր մասին:
-Բարեւ Ձեզ! Ծնվել եմ Հայաստանում՝ Սևան քաղաքում։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ դրանից հետո ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան։ Զինվորական ծառայությունից հետո զբաղվել եմ բիզնեսով։ Իսկ 2011 թվականին որոշեցի տեղափոխվել եվ շարունակել իմ բիզնես գործունեությունը Մոսկվայում։
-Խնդրում եմ պատմեք մեզ, թե ի՞նչպես եք եկել Ռուսաստանի հայերի միություն:
-2016 թվականից հասարակական գործունեությունս սկսել եմ Ռուսաստանի հայերի միությունում՝ Մոսկվայի քաղաքային մասնաճյուղում։ Իսկ 2017 թվականից նշանակվել եմ Մոսկվայի մարզի ՍԱՌ-ի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահի պաշտոնակատար։
-Այսպիսով, Դուք երկար ժամանակ եղել եք Ռուսաստանի հայերի միության նախագահի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Ո՞րն է այս աշխատանքի էությունը:
-Այն բազմակողմանի է՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզում համայն հայության համախմբումն է, անհրաժեշտ սոցիալական աջակցության ապահովում, զբաղվածություն, միջմասնագիտական համագործակցություն, երիտասարդության խնդիրների լուծում, ազգային լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանում։
-Ավելի մանրամասն կպատմե՞ք Ռուսաստանի հայերի միությունում Ձեր գործունեության կարևորագույն պահերի և անձնական ներդրումների մասին։
-Ամեն օր տարբեր խնդրանքներով մեզ դիմում են մեր հայրենակիցները եւ մենք անմասն չենք մնում իրենց խնդիրների լուծումից։ Ամենակարևոր խնդիրներից, որը լուծել ենք, կարող եմ նշել հետևյալը՝ ես և իմ թիմը մեծ աշխատանք են կատարել համաճարակի ժամանակ։ Մենք հարթակ ենք ստեղծել՝ գտնելու և օգնություն ցույց տալու մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն կացարանի և սննդի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հայրենիք վերադառնալու դժվարություններ։ Մենք կարողացել ենք օպերատիվ արձագանքել և արդյունավետ լուծում տալ առաջացած խնդիրներին։ Մեծ աշխատանք ենք կատարել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախին օգնելու հարցում:
 
- Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը անցյալ տարի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախում տեղի ունեցած ողբերգության և Ղարաբաղի հարցի լուծման հեռանկարների մասին։
 
- 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի մեղավորը Ադրբեջանի նախագահն է, հանցագործություն էր ոչ միայն Արցախի հայ բնակչության, այլև ադրբեջանական ժողովրդի դեմ։ Քանի որ Ադրբեջանի նախագահի կողմից հրահրված այս պատերազմը երկու կողմից էլ հազարավոր անմեղ զոհերի պատճառ դարձավ։
Ղարաբաղի հարցը պետք է օրինականորեն լուծվեր դեռ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզմամբ, երբ, համաձայն Խորհրդային Սահմանադրության, բոլոր 15 միութենական հանրապետություններն ու ինքնավարությունները ստացան անկախության հավասար իրավունք։ Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ 90-ականների սկզբին, ինքնորոշման իրավունքի միջոցով, իր պատմական հողերում անկախ կյանքի ցանկություն հայտնեց։ Այդպես էլ պետք է լինի։
 
- Մեր օրերում Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում. Այս ծանր իրավիճակից ելքի տեսլական ունե՞ք։ Ի՞նչ պետք է արվի սրա համար:
- Հայ ժողովուրդը մեկ փրկություն ունի՝ միասնությունը. Աշխարհասփյուռ հայերի համախմբումը և միասնությունը կնպաստի Հայաստանն այս դժվարին իրավիճակից հաջող դուրս բերելուն, ինչպես նաև մեր հայրենիքի վերածննդի գրավականն է մեր միասնությունը։
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
- Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ռուս ժողովուրդը մեզ՝ հայերիս համար իսկական բարեկամ է։ Այս բարեկամության ու համակողմանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը կախված է յուրաքանչյուրիցս, քանի որ յուրաքանչյուր հայ և յուրաքանչյուր ռուս պետք է հստակ գիտակցի, պահպանի և ամրապնդի մեր դարավոր եղբայրությունը։
-Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են Ձեզ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Կարո՞ղ եք մեկնաբանել սա:
-Այս հարցը հնչել է բազմաթիվ լրատվամիջոցներում, և ես բոլորին տվել եմ նույն պատասխանը. ես պատրաստ եմ կատարել այն աշխատանքը, որի համար իմ պետությունը անհրաժեշտ է համարում առաջադրել իմ թեկնածությունը։
-Եվ վերջում ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Բոլորիդ մաղթում եմ առողջություն։ Միշտ բարի և հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ:
Շնորհակալություն, Արտյոմ Մնացականովիչ։ Մաղթում ենք ձեզ հաջողություն!
Զրուցեց` Ալեքսանդր Երկանյանը