Աղստևի գետափն ավերած Իջևանի գինու գործարանի սեփականատերը պարգևատրվել է շքանշանով. Լուսանկար


Աղստևի գետափն ավերած Իջևանի գինու գործարանի սեփականատերը պարգևատրվել է շքանշանով. Լուսանկար
Նոյեմբեր 7 21:05 2021

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Թթվուտները Աղստևը լցրած, գետափն ավերած Իջևանի գինու գործարանի սեփականատերը պարգևատրվել է ՀԱԲ-ի «ասպետական» շքանշանով

Ֆեյսբուքի «Իջևան գրուպ» էջից տեղեկացա, որ նոյեմբերի 4-ին Իջևանի գինու, կոնյակի գործարանի սեփականատեր Էմին Եղիազարյանը պարգևատրվել է ՀԱԲ-ի «Ասպետ Մեծն Տիգրան» շքանշանով: Իջևանի գինու գործարանը արտադրական թափոնները՝ թթվուտները լցնում է Աղստև գետը, առանց շինթույլտվության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գետի տարածքում կատարել է շինաշխատանքներ, որի հետևանքով Իջևանի դենդրոպարկը և Աղստև գետը կրել են մեծ վնասներ՝ գետի ավերված հունը (700-800 մետր երկարությամբ), գետափին գործարանի սարքած կառույցները, շինարարության հետևանքով գետափին վերացած ժայռը (1870 խմ ծավալով), Իջևանի դենդրոպարկից կորսված-քշված կես հեկտար հողը (մի քանի հազար խմ ծավալով), դենդրոպարկի չորացած ծառերը, ավերված ջրառը։ Այդ խախտումների համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջևանի գինու գործարանին տուգանել է 216 հազար դրամի և 350 հազար դրամի չափով։

Թե ինչ արժանիքների համար է Էմին Եղիազարյանը պարգևատրվել ՀԱԲ-ի «Ասպետ Մեծն Տիգրան» շքանշանով, հայտնի չէ։ Նշեմ, որ վերջերս ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը, ով ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հայտնի է իր ուղիղ եթերներով ու «Լոսի Քիսո» մականունով, եկել էր Հայաստան ու «Հայոց ազգային բանակ» ՀԿ-ի կողմից այդ շքանշանով պարգևատրվել»»։