Ռուսաստանը չի հավակնում էքսկլյուզիվ իրավունքների Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփման հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս, թեեւ այդ երկրների եւ ժողովուրդների հետ մեզ կապում է երկարատեւ եւ սերտ բարեկամությունը, մասշտաբային գործընկերությունը բոլոր ոլորտներում: Մենք ներկայանում ենք հանուն միջազգային հանրության ներուժի արդյունավետ օգտագործման՝ ադեկվատ կերպով հաշվի առնելով փոփոխված տարածաշրջանային իրողությունները»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ «եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է վստահաբար հերքել սոցցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվության տարածումը, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Այդպիսի հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ակնհայտ արտաքին պատվեր են եւ իրականության հետ աղերս չունեն»:
Ինչպես նշվում է հայտարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, հենվել են շահերի բալանսի վրա, նախատեսել են չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ:
«Մեր մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, եւ դա նորմալ է: Փոխարենն արդեն հաստատված համաձայնությունն արդյունավետորեն իրագործվում է գործնականում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:










