Էրդողանը ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում. Financial Times


Էրդողանը ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում. Financial Times
Հոկտեմբեր 28 01:19 2021

Financial Times պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և աշխարհաքաղաքական զարգացումներին՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով թուրքական գործոնին:

Աղբյուրը նկատում է, որ պատերազմից հետո տարածաշրջանում, որը տևական ժամանակ դիտարկվում է որպես Ռուսաստանի գերիշխանության մաս, նկատելի է Թուրքիայի աճող տնտեսական ներկայությունը:

Պարբերականը գրում է, որ «պատերազմում Ադրբեջանին օգնելուց հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ նա մրցակցում է Ռուսաստանի և Իրանի հետ»: 

«Նա առաջարկել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել մոտ 30 տարվա խզումից հետո: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է «առանց նախապայմանների» բանակցությունների»,-գրում է պարբերականը։

«Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն ասում է, որ Էրդողանը և Պուտինը կարող են ստիպված լինել համագործակցել Կովկասում՝ ԱՄՆ-ին և Եվրոպային գործընթացների լուսանցքում պահելու համար:

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այն հուսով է, որ հարևանների հետ առևտրի խոստումը կգայթակղի Հայաստանին Ադրբեջանի համար բացել ցամաքային միջանցք՝ Նախիջևան և Թուրքիա հասնելու համար, գրում է աղբյուրը:

«Եվ նույնիսկ եթե Թուրքիան բանակցությունների սեղանի շուրջ չէ, նրա ընկերությունները ստանում են (Արցախի՝ Tert.am) վերակառուցման ծրագրերի պայմանագրերը, որոնց արժեքը կարող է հաջորդ տասնամյակում կազմել 15 միլիարդ դոլար: Ալիևը խոստացել էր, որ պատերազմի ժամանակ «բարեկամական» երկրների ընկերությունները կշահեն, և նրա ամենամոտ դաշնակից Էրդողանը դա ապացուցում է», -գրում է Financial Times-ը՝ մանրամասնելով, որ Արցախի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում «հաղթանակի ճանապարհի» (չակերտները՝ Tert.am) ասֆալտապատմամբ զբաղվում է Էրդողանին մոտ կանգնած թուրքական երկու ընկերություն:



loading...