Առողջապահության նախարարությունը խախտում է հակահամաճարակային կանոնները (լուսանկարներ)


Առողջապահության նախարարությունը խախտում է հակահամաճարակային կանոնները (լուսանկարներ)
Հոկտեմբեր 24 13:57 2021

ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր Երևանում պատվաստման օր է հայտարարել։ «Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

 
 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ է «ստատուս» գրել, կոչ անելով քաղաքացիներին  գալ Ազատության հրապարակ։

Ամբողջ աշխարհն այս օրերին խիստ սահմանափակումների է անցնում, տարբեր երկրներում համատարած լոքդաուներ են, իսկ Հայաստանում Առողջապահության նախարարությունը բազմամարդ միջոցառումներ է կազմակերպում։ Դատելով տարածած լուսանկարներից պատվաստման եկած քաղաքացիների մեծ մասը դիմակներ չեն կրում, չի պահպանվում սոցիալական հեռավորություն։ Արդյո՞ք այս օրերին, երբ համավարակի թվերն էականորեն աճում են, ամեն օր չորս տասնյակից ավել մարդ է մահանում, հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը վաղուց արդեն սպառված է, կարելի է նման միջոցառումներ կազմակերպել։

 

 

Եթե նախարարության, առողջապահական ոլորտի պատասխանատուների նպատակներն ազնիվ են, և գերակա է հանրության առողջությունը, ապա անմիջապես պետք է բազմամարդ միջոցառումները դադադեցնել, անգամ եթե դրանք պատվաստվելուն են վերաբերում։ Կամ գոնե միջոցառման ընթացքում լինել խիստ հետևողական, հետևել, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Անահիտ Ավանեսյանը կրկնում է նույն այն սխալն, ինչ Գյումրիում արեց նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս էլ, ինչպես հայտնի է նախընտրական քարոզարշավի ժամանակ փակ տարածքներում հանդիպումներ էր կազմակերպում քաղաքացիների հետ, դարձյալ խախտելով հակահամաճարակային կանոնները։ Հետո իհարկե Թորոսյանը խիստ «մտահոգ» կորոնաիրավիճակի վերաբերյալ գրառումներ էր անում, առանց ներողություն խնդրելու իր իսկ խախտած կանոնների համար։

Հայաստանում կորոնաիրավիճակի դեմ պայքարում այս մարդիկ տապալել են իրենց աշխատանքը։ Հանրությունն էլ սա լավ գիտի, ու գուցե հենց վարչապետի, նախկին պարետի, նախկին ու գործող Առողջապահության նախարարների իրարամերժ, իրար հակասող հայտարարություններն են պատճառը, որ քաղաքացիներն էլ են մատերի արանքով նայում կորոնավիրուսին, և պատասխանատուների՝ պատվաստելու կոչերին։