Ո՞վ է առաջինը


Ո՞վ է առաջինը
Հոկտեմբեր 24 12:53 2021

Կյանքում, զանազան մրցույթներում ու մրցություններում մեր պայքարն է առաջինը լինելը, առաջին տեղը զբաղեցնելը: Ի՞նչ է մեզ տալիս այս կարգը հասարակության մեջ: Այո՛, միանշանակ առավելություն մյուսների հանդեպ, դիրքի փոփոխություն, ավելի բարեկեցիկ պայմաններ, իշխելու հնարավորություն: Ինչի՞ է, սակայն, պետք այս ամենը, երբևէ մտածո՞ւմ ենք: Ի՞նչ ազդեցություն պիտի ունենա այն մեր հոգևոր ընթացքի վրա, ի՞նչ պիտի փոխվի:Քանի դեռ առաջին ասելով՝ հասկանում ենք իշխելը, վերցնելը ու պակաս բարիք գործելը, վստահ լինենք, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու: Սուրբ Գրքում առաջինը այն մարդը չէ, ով ավելի շատ հնարավորություններ ունի իշխելու, տիրելու ու վերցնելու, այլ նա է, ով տալիս է ավելի շատ, ավելի խոնարհ է իր արարքներում ու կյանքում:

«Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ․ 9:34),- ասված է Սուրբ Գրքում: Նույնն է և մշակների առակում, երբ տանուտերը տարբերություն չի դնում, թե ով քանի ժամ է աշխատել և տալիս է հավասար չափի վարձատրություն բոլոր մշակներին (Տե՛ս Մատթ. 20: 1-16): Այս առակը պատմելով էլ Քրիստոս ասում է. «Այսպես, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները` վերջին, որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթ. 20:16)։ Եվ իսկապես կարևոր չէ, թե Աստծո հանդեպ հավատքի գործդ երբ ես սկսել, ժամանակը էական չէ հավատքի մեջ, այլ կարևորը ճանապարհն է, ընտրությունը և ընթացքը:

Մենք՝ մահկանացուներս, երբեք չենք կարող իմանալ, թե ով է առաջինը, իսկ ով վերջինը Աստծո աչքերում: Սակայն կարևոր է, որ մրցույթի ու մրցավազքի չտրվելով՝ հասկանանք, թե ինչ ասել է իրականում լինել առաջինը և թե հատկապես որտեղ, որ ուղով անցնելիս է պետք ձգտել առաջինը լինելուն: Մրցակցությամբ սովորաբար փորձում ենք ինչ-որ բան ապացուցել, բայց մեր խնդիրն է լինել, ապրել այնպես ինչպես մեզ պատվիրել է Հիսուս Քրիստոս։

 

qahana.am