Ալիեւ. Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին


Ալիեւ. Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին
Հոկտեմբեր 20 22:07 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Մոսկվայում նախատեսված հաղորդակցության ապաշրջափակման հարցերով խմբի հանդիպումը:

«Այսօր Մոսկվայում հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետները, եւ այնտեղ մեր դիրքորոշումը եւս մեկ անգամ կհնչի: Այսպիսով, Զանգելանում կստեղծվի լոգիստիկ եւ տրանսպորտային ժամանակակից կենտրոն՝ ներառյալ բեռնատար եւ մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի եւ ավտոճանապարհների կառուցումը»,- ասել է նա Զանգելանում գտնվելու ընթացքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հոկտեմբերի 20-ի երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներից կազմված եռակողմ հանձնաժողովի շրջանակներում սկսվել է բանակցությունների նոր փուլ:

Ալիեւը նաեւ նշել է, որ այժմ Զանգելանում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաեւ Հորադիզ-Աղբանդ մայրուղին: «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- ընդգծել է նախագահը: Նշենք, որ «Զանգեզուրի միջանցքը» առայժմ միայն Ադրբեջանի նախագահի երեւակայության մեջ է բաց: