Երբ եւ ինչպես են մարմնի տարբեր մասերը սկսում ծերանալ


Երբ եւ ինչպես են մարմնի տարբեր մասերը սկսում ծերանալ
Հոկտեմբեր 3 18:10 2021

Մաշկը

 

30 տարեկանում մաշկն արդեն սկսում է կորցնել առաձգականությունն ու ծերանալ: Ժամանակի ընթացքում դրա վրա հայտնվում են մանր, այնուհետեւ մեծ կնճիռներ, պիգմենտային բծեր եւ ծերացման այլ նշաններ:

 

Լավ նորությունն այն է, որ մաշկի ծերացումը կարելի է դանդաղեցնել` պաշտպանելով այն բջիջների բնականոն նորացմանը խանգարող ազդեցություններից` ուլտրամանուշակագույն ճառագայթներից, մրից եւ ծխախոտի ծխից:

 

Մազերը

 

Մազերի կառուցվածքը տարիքի հետ նույնպես փոխվում է՝ դա տեղի է ունենում նաեւ հորմոնների պատճառով: Կանանց մոտ էստրոգենի մակարդակի նվազումը գլխի մազերը ավելի բարակ է դարձնում: Տղամարդկանց մոտ, դիհիդրոտեստոստերոն հորմոնի ազդեցությամբ մազերը դառնում են ավելի բաց, քան երիտասարդ տարիքում:

 

Ինչ վերաբերում է ճերմակ մազերին, դրանց առաջացմանը նպաստում է մելանինի արտադրության նվազումը. դա սովորաբար տեղի է ունենում մոտ 35 տարեկանից հետո:

 

Մկանները

 

Մոտ 30 տարեկանից մարդու օրգանիզմը սկսում է դանդաղ կորցնել մկանային զանգվածը: Այս երեւույթն անվանում են սարկոպենիա: 50 տարեկանում այս գործընթացն արագանում է, 70 տարեկանում` ավելի արագանում: Ահա թե ինչու է կարեւոր պահպանել ֆիզիկական ակտիվությունը, որն օգնում է ամրացնել եւ աճեցնել մկանները:

 

Ոսկորները

 

Տարիքի հետ ոսկրերի ամրությունն ու խտությունը նույնպես նվազում է: Տարիքային փոփոխություններն ազդում են նաեւ հենաշարժական համակարգի այլ մասերի վրա՝ կապաններ, ջլեր, կռճիկներ, հոդեր: Բացի բնական ֆիզիկական մաշվածությունից, դրանց վիճակը վատթարացնում են հորմոնալ փոփոխությունները, ինչպես նաեւ օրգանիզմում կոլագենի արտադրության նվազումը:

 

Մատիաս Ռիեդլի խոսքով՝ այս մակարդակում ծերացման տեմպերը դանդաղեցնել օգնում են կանոնավոր վարժությունները, վիտամին D-ի համաչափ ընդունումը եւ սպիտակուցների նորմալ քանակի ընդունումը:

 

Սրտանոթային համակարգը

 

Արյունատար անոթների առաձգականությունը սկսում է նվազել մոտ 30 տարեկանից, ինչը նաեւ ազդում է սրտի մկանների ուժի վրա: Բրոնխները նույնպես տարիքի հետ կորցնում են առաձգականությունը եւ վատ են կլանում թթվածինը: Այս ամենը մեզ ավելի ենթակա է դարձնում արյան բարձր ճնշման եւ սրտանոթային այլ հիվանդությունների:

 

Գլխուղեղը

 

Տարիքի հետ ուղեղի զանգվածը նվազում է, փոփոխություններ են տեղի ունենում նյարդային բջիջներում: Սա մարդուն դարձնում է ավելի մոռացկոտ, իսկ, ընդհանուր առմամբ, ճանաչողական ունակությունները նվազում են: Բայց ոչ միայն տարիքը, այլ նաեւ ապրելակերպը կարող է ազդել նյարդային բջիջների վիճակի եւ ուղեղի աշխատանքի վրա: Առաջին հերթին բացասաբար են ազդում ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական վարժությունների եւ սոցիալական շփումների բացակայությունը:

 

Իմունային համակարգը

 

Մարմնի նյութափոխանակության գործընթացների դանդաղեցման հետ մեկտեղ, դանդաղում են նաեւ վերքերի ապաքինման գործընթացները: Իմունային բջիջները տարիների ընթացքում թուլանում են, եւ իմունային համակարգը դառնում է ավելի քիչ ակտիվ: