«Այսօրվա իրականության պոռթկումն էր մեր մեջ». կայացավ Միքայել Պողոսյանի եւ Աննա Մաքսիմի «Հայ Հայը» ֆիլմի պրեմիերան


«Այսօրվա իրականության պոռթկումն էր մեր մեջ». կայացավ Միքայել Պողոսյանի եւ Աննա Մաքսիմի «Հայ Հայը» ֆիլմի պրեմիերան
Հոկտեմբեր 2 11:48 2021

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Միքայել Պողոսյանի եւ Աննա Մաքսիմի առաջին համատեղ աշխատանքի՝ «Հայ Հայը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է, որը նաեւ մարմնավորում է Հային, Աննա Մաքսիմը ֆիլմում չունի դերակատարում, այս անգամ նա համառեժիսորի դերում է:

«Երբ միտքդ մասշտաբային է՝ ամբողջ ֆիլմի տեսքով, արդեն պատկերացումդ ուրիշ է. դու գործ ունես մի ուրիշ կտավի հետ, եւ իմաստ չէի գտնում այնտեղ դերակատարում ունենալու»,-իր էկրանային «բացակայությունն» այսպես է բացատրում դերասանուհին՝ հավելելով, որ ռեժիսուրան իր համար ավելի նախընտրելի է ասելիքը տեղ հասցնելու տեսանկյունից:Անդրադառնալով «Հայ Հայը» ֆիլմի գաղափարին՝ Աննան նշեց.

«Սովորաբար, յուրաքանչյուր ստեղծագործող իր ճանապարհի ընթացքում ֆիլմեր է նկարահանում, այս դեպքում գաղափարը ոչ միայն ֆիլմ ստեղծելն էր, այլեւ՝ մեր այսօրվա իրականության խտացումն ու պոռթկումն էր մեր մեջ՝ որպես արվեստագետների: Ամենակարեւոր հարցը, որ մեզ հետաքրքրում էր՝ ինչպիսի՞ն է այսօրվա հայը, եւ ի՞նչ անելքներ ունի, ինչո՞ւ է այնպես պատահում, որ մենք, պարբերաբար, նույն խնդրի առաջ ենք կանգնում, ինչո՞ւ է պատմությունը կրկնվում եւ ինչո՞ւ մենք դասեր չենք քաղում այս պատմությունից: Այս բոլոր հարցադրումները հանգեցրին, որ ստեղծվի այս ֆիլմը, որն այլեւս չի փառաբանում հայ ազգին՝ որպես բացառիկ ազգի, եւ մեր հերոսը՝ Հայը, վերջում ասում է՝ ես այլեւս չեմ ուզում լինել բացառիկ իմ մշակույթով, պատմությամբ, թագավորությամբ, անցյալով: Ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին՝ կամ, եւ լինել երջանիկ»:Նկարագրելով ֆիլմի գլխավոր հերոսին՝ Աննան նկատեց՝ «Ամեն հայ, վերջիվերջո, հենց ինքն իր հետ պետք է միաբանվի՝ իր ցանկությունների, հնարավորությունների ու իրականության հետ: Մեր հերոսը տարբեր ցանկություններ ունի, բայց պետք է հասկանա՝ արդյոք համապատասխանո՞ւմ է այդ կերպարին: Մենք՝ բոլորս, այսօր մեզ համարում ենք մի կարեւոր օղակ, բայց արդյոք մենք պատրաստվե՞լ ենք, այդ կրթությունն ու դաստիարակությունն ունե՞նք այդ օղակը լինելու համար: Կարծում եմ՝ ֆիլմը մեր ժամանակվա արդիական խնդիրներն իր մեջ ներառում է, եւ պատասխաններ չի տալիս, որովհետեւ արվեստը չի կարող պատասխաններ տալ, բայց ճիշտ հարցադրումներ անում է»:

Որպես ֆիլմի համառեժիսոր՝ Աննան, ինչպես ինքն է նշում, նախեւառաջ գնացել է Միքայել Պողոսյանի նպատակի հետեւից.

«Ես պատկանում եմ այն տեսակին, որը գնում է նպատակի հետեւից: Այս դեպքում ֆիլմի հեղինակը Միքայել Պողոսյանն է, եւ մենք՝ բոլորս, գնում էինք իր նպատակի հետեւից: Ինձ համար շատ կարեւոր էր  այդ ճանապարհով անցնելը, քանի որ ես պատրաստվում եմ իմ դեբյուտը նկարահանել, սա հիանալի դպրոց եմ ինձ համար համարում, եւ եթե ֆիլմը հաջողվի, մեծ բավականություն կստանամ ու արդեն կանցնեմ իմ ապագա քայլերին»:Աննան կարեւոր է գնահատում Միքայել Պողոսյան արտիստին աշխատանքի մեջ դիտարկելու փաստը.

«Մենք, առհասարակ, ոչինչ չենք սովորում, միշտ նույն սխալներն ենք թույլ տալիս: Այս դեպքում ես դիտարկում էի արտիստին (նա կադրում էր, ես՝ կադրից դուրս): Միքայել Պողոսյանի հետ մենք ընկերական հարաբերություններ ունենք, եւ առաջին անգամ էր, որ իր հետ՝ որպես ռեժիսոր էի աշխատում: Ինձ համար արտիստական լայնամասշտաբ մտածողությունը շատ հետաքրքիր էր»,-խոսելով իր փորձի մասին՝ նշեց դերասանուհին:

«Հայ Հայը» գեղարվեստական ֆիլմը միստիկ կատակերգություն է Հայի մասին, որը, ինչպես ֆիլմում է ասվում՝ «բացառիկ է, ոչ լավ եւ ոչ էլ վատ իմաստով, պարզապես նա բացառիկ է, նրա տեսակն այլեւս չկա»։ Հենց այս տեսակի համար էլ սկսում է պայքարել Հայը՝ (Միքայել Պողոսյան)՝ դիմադրելով, երբեմն էլ տեղի տալով մի շարք գայթակղությունների, որոնք նրան հեշտորեն առաջարկում է Չար ուժը (Սերգեյ Դանիելյան)։ Ի վերջո, գլխավոր հերոսը, մի կողմ դնելով սեփական էգոն, ուժ է գտնում իր մեջ եւ հրաժարվելով իր անկարեւոր ցանկություններից՝ կարողանում բացահայտել իր մեջ ճշմարիտը: