Անկախության 30 ամյակը` առանց վեհափառի


Անկախության 30 ամյակը` առանց վեհափառի
Սեպտեմբեր 21 22:05 2021

Այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը երկար թվարկում եւ հարգանքի տուրք էր մատուցում ներկա բարձրաստիճաններին` ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամներին, անգամ դատական իշխանության ներկայացուցիչներին (Գագիկ Ջհանգիրյանը հենց առաջին շարքում էր նստած): Հենց ելույթի պահին զգացինք, որ ինչ-որ բան այն չէ: Այո` Վեհափառը չկա: Հայոց առաքելական եկեղեցու առաջնորդը, որն անկախությունից ի վեր բոլոր պաշտոնական միջոցառումներին մասնակցել է` անկախ իր անձից եւ անկախ ՀՀ ղեկավարի անձից, երեկ ներկա չէր Հանրապետության հրապարակում: 

 

Այսինքն, Հայաստանի իշխանությունն այնքան չի ընդունում հոգևոր իշխանությանը, որ մի շարքային հրավեր անգամ չեն ուղարկում Ամենայն հայոց կաթողիկոսին։ Եռաբլուր այցի ժամանակ էլ առանց նրա եւ առհասարակ` որեւէ հոգեւոր անձի ուղեկցության են գնում:

 

Հայերը, որպես աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ, միշտ մեծ տեղ են տվել հոգևոր իշխանության ներկայացուցիչներին։ Հայաստանի պատմության մեջ բոլոր պետական միջոցառումներին պարտադիր ներկա են գտնվել մեր կաթողիկոսները, և ելույթ են ունեցել, իսկ մյուս ելույթ ունեցողները պարտադիր առաջինը հենց Վեհափառին են դիմել, հետո անցել երկրի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և այլք։ Այսօր՝ Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարությւանը, որը գործադիր իշխանության ղեկավարը անվանել էր «գունագեղ տոնակատարութուն՝ ի հիշատակ զոհերի», կաթողիկոսը ներկա չէ։ 

 

Հոգևորականների դասից որևէ մեկը ներկա չէ այս պահին Հանրապետության հրապարակում։ Հավատքից ու եկեղեցուց, հոգեւորից ու Աստծուց հեռացած իշխանությունը չի ճանաչում հայոց եկեղեցին եւ տարրական հարգանք չի դրսեւորում եկեղեցու հանդեպ, որը բազմահազար հետեւորդներ ունի: Եւ սա Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից եկեղեցին, կրոնն ու մեր հոգևոր իշխանությանը արժեզրկելու առաջին և միակ դեպքը չէ։ Այս գործընթացը մեկնարկել է նրանց իշխանության գալուց ի վեր, երբ սկսեցին ակցիաներ ու արշավներ իրականացնել Գարեգին Բ-ի դեմ, որ գահընկեց անեն նրան։ Չհաջողվեց։ Այսօր՝ անկախության տարեդարձին Հայաստանի երեսնամյա անկախությունը երեք տարում մսխած իշխանությունները հերթական անգամ մերժողական վերաբերմունքն են ցուցաբերում հայ եկեղեցու, դրա սպասավորների, մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Թերևս նաև դա էր պատճառը, որ հոգևոր դասը` կաթողիկոսի գլխավորությամբ այսօր Եռաբլուր էր այցելել առանձին եւ Հայրապետական աղոթքին էլ իշխանությունից ոչ ոք ներկա չէր։

 

Իսկ գուցե նաեւ այս պահվա՞ծքն է պատճառը, որ Աստված երես է թեքել ՀՀ գործող իշխանություններից եւ նրանց այսքան փորձություններ է ուղարկում: 

 

 

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



loading...