Առաջին առեւանգումը․ ԱԱԾ-ն «նրբանկատ» հաղորդագրություն է տարածել


Առաջին առեւանգումը․ ԱԱԾ-ն «նրբանկատ» հաղորդագրություն է տարածել
Սեպտեմբեր 19 15:58 2021

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ երկու քաղաքացիներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ ԱԱԾ-ն իհարկե իր հաղորդագրության մեջ պահել է «կանխավարկածը», սակայն կասկած չկա, որ տեղի է ունեցել առեւանգում։Բաքուն Գորիս-Կապան ճանապարհը օգոստոսին փակեց երկու օրով, ապա անցակետ տեղադրեց ու սկսեց փող կորզել իրանցի վարորդներից։ Ապա սկսեցին կանգնեցնել արդեն հայկական մեքենաները, այդ թվում՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը։ Հաջորդ քայլը պետք է լիներ արդեն ՀՀ քաղաքացիների դեմ սադրանքները։«Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատվածներով շարժվելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի, իսկ իշխանությունը շարունակում է համոզել, որ ամեն ինչ նորմալ է՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների», երեկ գրել էր ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, նա նշել է, որ այդ մայրուղուց շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է․ կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված, կամ պետք է տեղի ունենա առևանգում։Եվ հարց է առաջանում՝ իսկ ինչ էին անում ՀՀ ԱԱԾ-ն եւ ՌԴ ՖՍԲ սահմանապահները։Մայրուղու այդ հատվածի «իրավաքաղաքական» հանգամանքների վերաբերյալ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների մշուշոտ ու իրարամերժ պարզաբանումները եւ հայտարարությունները, այդ թվում ռուս սահմանապահների մասով, նույնպես կասկած չեն թողնում ՀՀ դեմ իրականացվող ծրագրի վերաբերյալ, որը կապված է թե Սյունիքի մարզի «օտարման», թե Հայաստանին սովետական քարտեզներով դելիմիտացիա պարտադրելու հետ։ Հայաստանի դեմ Մոսկվա-Բաքու տանդեմի հիբրիդային պատերազմը սաստկանում է՝ ՀՀ կառավարության համագործակցական պահվածքի եւ խորհրդարանի անգործության ֆոնին։



loading...