Մոսկվան կշարունակի օգնել Անկարային Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների մարման հարցում. Պուտինը՝ Էրդողանին


Մոսկվան կշարունակի օգնել Անկարային Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների մարման հարցում. Պուտինը՝ Էրդողանին
Հուլիս 31 15:18 2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը և այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված հարցեր: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ Մոսկվան կշարունակի օգնել Անկարային, իսկ Էրդողանը «ջերմորեն երախտագիտություն է հայտնել ցուցաբերած զգալի աջակցության համար»:

Կողմերը դրական են գնահատել նաև նախօրեին կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Բացի այդ, նրանք առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում համատեղ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:

 

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:



loading...