«Հայաստան» դաշինքի «կռուտիտը»


«Հայաստան» դաշինքի «կռուտիտը»
Հուլիս 27 22:28 2021

«Այդ օրենքն ընդունելու օրն ենք խոսել այդ մասին։ Մենք գտնում ենք, որ այս պահին խիստ անհրաժեշտություն չէր, այն հիմնավորումները, որ պատգամավորների ձեռքի ծախսը քիչ է, դրա կարիքը ունեն, դրա համար պետք է ավելացվի։ Իրականում բազմաթիվ պատգամավորներ կան, այդ թվում և մեր ֆրակցիայում, ովքեր ունեն դրա կարիքը, բայց ի վերջո կա սոցիալական արդարության գաղափար։ Այդ պարագայում դրա կարիքն ավելի շատ ունեն ուսուցիչները, բժիշկները, զինվորականներն ու այսպես շարունակ, հետևաբար մենք անընդունելի ենք համարում դա և մեր խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ այն չեղարկելու համար»,- Irakanum.am-ի հետ զրույցում այսօր ասել էր ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, անդրադառնալով պատգամավորներին՝ աշխատավարձին զուգահեռ 250 հազար դրամ լրավճար տալու օրենքի նախագծին։

Այս նախագիծը հիշեցնենք ընդունվեց արդեն լուծարված խորհրդարանի կողմից, ամենավերջին նիստի ընթացքում։ Ձրիակեր իշխանությունը հրատապ կարգով այն բերել էր խորհրդարան և քննարկման ներկայացրել։ Այդ ժամանակ ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քննարկմանը չմասնակցեցին։ Իշխանությունը միաձայն քննարկեց և քվեարկեց, ընդունելով օրենքի նախագիծը։
Հիմա, ինչ է ստացվում նման կարգով ընդունված օրենքը հետ են կանչելու, որովհետեւ «թունդ» ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն է նման օրակարգ բերելու։ Սա ոչ այլ ինչ է քան չոր «կռուտիտ»։ Ի վերջո ոչ Սաղաթելյանը, ոչ էլ դաշինքի շատ անդամներ քաղաքականությունում նոր չեն և պետք է, որ հստակ իմանային իշխանությունը, որը հերթական անգամ մեծամասնություն է ստացել չի պատրաստվում հետքայլ անել։

 
 

Առավել ազնիվ կլիներ, եթե դաշինքը հայտարարեր, որ ընդհանրապես հրաժարվում է լրավճարներից, կամ այդ գումարներն ուղղում բարեգործական նպատակներով, կամ երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները կարգավորելուն։ Ի վերջո այդ գումարներով կարելի է օգնել հազարավոր ընտանիքների, որոնք ապրում են սոցիալապես ծանր իրավիճակում։ Իշխանությունը եթե ամոթ ունենար, ևս կաներ, բայց կան բաներ, որոնք հատուկ են բացառապես իշխանություններին։ Դրանից մեկն էլ ամոթի բացակայությունն է։

Իսկ օրենքի նախագիծը հետ կանչելու նախաձեռնություն ներկայացնելով դաշինքը փորձում է հաճույք ստանալ, փորձելով՝ կույս մնալ։ «Հայաստան» դաշինքը դեռ ունի հնարավորություն հանձնելու քննությունը։