Վեց ամսում պարտքն ավելացել է 901 մլն դոլարով


Վեց ամսում պարտքն ավելացել է 901 մլն դոլարով
Հուլիս 25 23:29 2021

Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է։ Այն ընդհուպ մոտեցել է 9 մլրդ դոլարին։

Միայն այս տարվա առաջին կեսին պետական պարտքն ավելացել է շուրջ 901 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ այն կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար։

Վեց ամսվա ընթացքում պարտքն աճել է ավելի քան 11 տոկոսով։

Պարտքի աճն ավելի արագ է տեղի ունենում, քան տնտեսությանը։ Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 3,3 տոկոս տնտեսական անկում։ Երկրորդ եռամսյակի ցուցանիշը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ 5 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը եղել է 4,3 տոկոս, ինչը շատ ավելի ցածր է, քան պարտքի աճը։

Տնտեսության նկատմամբ պարտքի արագ աճը հանգեցնում է պարտքի ցուցանիշների վատացման։ Այն, ինչին մենք բախվել ենք հատկապես վերջին 2 տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ 2020թ. տվյալներով՝ կառավարության պարտքը հասել է ՀՆԱ 63,5 տոկոսին։

Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գնալով վատանում է։ Պատճառը մի կողմից՝ պարտքի արագ աճն է, մյուս կողմից՝ տնտեսության զարգացումների ցածր մակարդակը։ Անցած տարի ունեցանք պարտքի գրեթե 9 տոկոսանոց աճ և համախառն ներքին արդյունքի 7,4 տոկոսանոց նվազում։

Առկա բոլոր կանխատեսումներով, այս տարի ևս ՀՆԱ աճի տեմպն ավելի ցածր կլինի, քան պարտքինը։

Միջազգային կազմակերպությունների ամենալավատեսական գնահատումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2021թ. կարող է աճել առավելագույնը 4-4,5 տոկոսով։ Այս պահին արդեն պարտքի աճը 2-3 անգամ ավելի բարձր է այդ գնահատականից։ Առաջիկայում այն կարող է փոխվել, սակայն կտրուկ բարելավում չի սպասվում։ Դա նշանակում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության բացասական միտումները կշարունակեն խորանալ։ Թե այն մինչև ո՞ւր կհասնի, կերևա տարեվերջին։

 

Ավելին՝ 168.am