ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյին պատկանած խոհարարական գրքերը, որոնց նախնական գինը գնահատվում է 50 000 և 75 000 դոլար, հաղորդում է New York Post-ը։
Շիկահեր գեղեցկուհուն պատկանած գրքերի հետ միասին գնորդները կստանան Մոնրոյի ձեռագրով մթերային ապրանքների ցուցակը, սնվելու ժամանակացույցը, ինչպես նաև թերթից փոկված պանրով լազանիայի բաղադրատոմսը։
Մթերային ապրանքների ցուցակը, որը դերասանուհին գրել է գնումների կատարելու նպատակով, ներառում է ձու, կաթ, եգիպտացորենի փաթիլներ, ժելե, սերուցք, հաց, սուրճ, կարագ և գազավորված ըմպելիք։
Դերասանուհու սնվելու ժամանակացույցից հայտնի է դառնում է, որ վերջինս նախաճաշել է առավոտյան ժամը 8-ին, խմել է նարնջի հյութ, մեկ բաժակ կաթ կամ կակաո, կերել է վարսակի փաթիլներ և կարագով տոստ։
Շիկահեր գեղեցկուհին նախաշել է ժամը 13։00-ին՝ նախընտրելով ձու, կաթնաշոռ, կարտոֆիլ, սպագետտի և այլն։
Ընթրիքին (18։30-ին) Մոնրոն կերել է տավարի, հավի, գառան մսից ուտեստներ, ձուկ կամ եփած բանջարեղեն, պուդինգ և թխվածքաբլիթ։
«Ինձ ասում են՝ սնունդի հարցում տարօրինակ սովորություններ ունեմ, բայց ես այդպես չեմ կարծում։ Նախքան առավոտյան ցնցուղ ընդունելը մի բաժակ կաթ եմ տաքացնում: Երբ այն տաքանում է, երկու հում ձու եմ կոտրում կաթիս մեջ, պատառաքաղով հարում եմ և հագնվելիս ըմպում։ Ապա ընդունում եմ վիտամիններ պարունակող դեղահաբ և կասկածում եմ՝ որևէ բժիշկ կարող է ավելի սննդարար նախաճաշ առաջարկել ինձ նման աշխատող կանանց, որոնք միշտ վազքի մեջ են»,- 1952-ին Pageant ամսագրին տված հարցազրույցում ասել է դերասանուհին։
Թերթը նշում է, որ Նյու Յորքի Siegel աճուրդի տունը խոհարարական գրքերն աճուրդի կհանի հունիսի 22-ին։












