Կրակոցներ՝ Էջմիածնում. ինքնաձիգից արձակված 20-ից ավելի պարկուճ է հայտնաբերվել, քիչ այն կողմ՝ երիտասարդ տղայի դի


Կրակոցներ՝ Էջմիածնում. ինքնաձիգից արձակված 20-ից ավելի պարկուճ է հայտնաբերվել, քիչ այն կողմ՝ երիտասարդ տղայի դի
Մայիս 5 02:33 2021

Այսօր՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամասնատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն   է տեղափոխվել երիստասարդ տղայի դի:  

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել  են ինքնաձիգից արձակված 20-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra  ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի  ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Փաստի առթիվ Դ. Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գևորգ Գաբրիելյանի և Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:

Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  դեպքի վայր  է ժամանել նաև Վաղարշապատի դատախազ  Կարեն Խաչատրյանը:

Տեղում քննչական աշխատանքները  ղեկավարում են Դ. Բարոյանն ու Վաղարշապատի  քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը:  

Ժամանել ե նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն ու երկրորդ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2021/05/04/1185895



loading...