Այս մարդկանց քարանձավում մեկուսացրել էին 40 օր շարունակ՝ թույլ չտալով նայել ժամացույցին. ո՞րն էր նպատակը


Այս մարդկանց քարանձավում մեկուսացրել էին 40 օր շարունակ՝ թույլ չտալով նայել ժամացույցին. ո՞րն էր նպատակը
Ապրիլ 27 20:42 2021

Ապրիլի 24-ին 15 կամավորից բաղկացած խումբը դուրս է եկել քարանձավից 40 օր շարունակ մեկուսացումից հետո՝ առանց արևի լույսի, ժամացույցի, հեռախոսների: Մեկուսացումը տեղի է ունեցել գիտական փորձի րջանակներում, որն ուղղված էր մարդկային ադապտացիայի ուսումնասիրմանը:

Deep Time փորձի մասնակիցները Ֆրանսիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Լոմբրիվս քարանձավում են ապրել և չեն ունեցել կապ արտաքին աշխարհի հետ: Խումբը կազմված էր ութ տղամարդուց և յոթ կանանցից, որոնք 27-50 տարեկան էին: Ինչպես փոխանցում է BBC-ն՝ մասնակիցները քարանձավից ժպտալով են դուրս եկել, սակայն, միաժամանակ, ապշած: Նրանց ծափահարությունների են արժանացրել գիտնականներն ու դիտորդները: Մասնակիցներին արևային ակնոցներ են տվել, քանի որ նրանց աչքերը սովոր չէին արևի լույսին:

Նախագծի ղեկավարը՝ ֆրանսիա-շվեյցարացի գիտնական Քրիստիան Կլոտը նշել է, որ քարանձավում ժամանակն ավելի դանդաղ է հոսում: Ըստ նրա՝ մասնակիցներից շատերին թվացել է, թե նրանք քարանձավ են մուտք գործել ավելի քան 40 օր առաջ: կամավորներից մեկը՝ 33-ամյա Մարինա Լանսոնը, ասել է, թե «փորձը կարծես դադար լիներ իրական կյանքից»:

Մեկուսացման ընթացքում խմբի անդամներն ինքուրույն են կազմակերպել իրենց կյանքը՝ հիմնվելով միայն կենսաբանական ժամացույցի և քնի ցիկլի վրա: Քարանձավում հարմարություններ գրեթե չկային: Կամավորները քնում էին վրաններում, էլեկտրականություն ստեղծում հեծանիվի ոտնակների միջոցով և ջուր հանում 45 մ խորություն ունեցող ջրհորից:

Գիտնականները նշում են, որ փորձը թույլ է տալիս հասկանալ՝ ինչպես են մարդիկ կարողանում ադապտացվել արտակարգ պայմաններին: Կամավորների ուղեղի ակտիվությունն ու կոգնիտիվ գործառույթները նախապես ուսումնասիրվել են մինչև քարանձավ մտնելը, ինչպես նաև դուրս գալուց հետո:

«Մեր՝ մարդկանց ապագա Երկիր մոլորակի վրա էվոլյուցիայի կենթարկվի: Մենք պետք է սովորենք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է ուղեղն ունակ նոր լուծումներ գտնելու յուրաքանչյուր իրավիճակում», - ասել է Կլոտը: