Ռեալի պատմական նվաճումը. արքայական ակումբը 2-րդ անգամ անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը


Ռեալի պատմական նվաճումը. արքայական ակումբը 2-րդ անգամ անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը
Հունիս 4 00:52 2017

Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»:

Քարդիֆում կայացած վճռորոշ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: 20-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշվենկատ հարվածով բացել է խաղի հաշիվը, իսկ 7 րոպե անց Մանջուկիչը հիանալի հարվածով հավասարեցրեց հաշիվը:

2-րդ խաղակեսն ամբողջությամբ անցավ «Ռեալի» մեծ առավելությամբ: 61-րդ րոպեին հեռվից կատարած հիանալի հարվածով իր թիմին առաջ է մղել Կազեմիրոն: Ընդամենը 3 րոպե անց Մոդրիչի փոխանցումից հետո Ռոնալդուն դիպուկ հարվածով դուբլ է ձևակերպել՝ 3:1:

Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է Կուադրադոն, ով փոխարինման էր մտել 66-րդ րոպեին: Պետք է նշել, որ երկրորդ դեղին քարտի դրվագում Ռամոսը բացահայտ սիմուլյացիայի է դիմել:

Խաղի վերջին րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո Մարկո Ասենսիոն գնդակն ուղարկել է դարպասը՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 4:1:

«Արքայական» ակումբը պատմության մեջ 12-րդ անգամ է դառնում Չեմպիոնների լիգայի հաղթող. ի դեպ, պատմության մեջ նախադեպը չունեցող 2-րդ անգամ անընդմեջ: