Ապահովելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տրանսպորտային, տնտեսական ինտեգրում՝ Հայաստանը կանգնելու է նախևառաջ տնտեսական սուբյեկտայնությունը կորցնելու եզրին. Վահե Դավթյան


Ապահովելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տրանսպորտային, տնտեսական ինտեգրում՝ Հայաստանը կանգնելու է նախևառաջ տնտեսական սուբյեկտայնությունը կորցնելու եզրին. Վահե Դավթյան
Հունվար 13 23:34 2021

Տրանսպորտային լոգիստիկ ոլորտում սպասվող փոփոխությունները վտանգներ են պարունակում Հայաստանի ազգային անվտանգության համար՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի էքսպանսիոնիստական կեցվածքը և տնտեսական գործիքների կիրառման միտումները, աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզին, որի շուրջ համաձայնության էին եկել Հայաստանն ու Ադրբեջանը:

«Մասնավորապես՝ ապահովելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տրանսպորտային, լոգիստիկ և առհասարակ տնտեսական ինտեգրում՝ Հայաստանը կանգնելու է, նախևառաջ, տնտեսական սուբյեկտայնության կորսման եզրին, քանի որ պետք է փաստենք, որ հանձինս Թուրքիայի՝ մենք գործ ունենք բավականին ագրեսիվ տնտեսական խաղացողի հետ, ով չի սահմանափակվում տնտեսական ազդեցության տարածմամբ և, որպես կանոն, նա տնտեսական ազդեցությունը փոխակերպում է մշակութային և քաղաքական ազդեցության, վառ օրինակ է Վրաստանը, որտեղ Թուրքիան․ հանդես գալով որպես համար մեկ ներդրող, տրանսպորտային էներգետիկ ենթակառուցվածքների առանցքային շահառուներից մեկը, այսօր ուղղակի ազդեցություն է ունենում Վրաստանում քիչ թե շատ կարևոր նշանակություն ունեցող քաղաքական որոշումների կայացման վրա»,- մեկնաբանեց Դավթյանը:

Խոսելով կոմերցիոն կողմի մասին՝ Դավթյանը նշեց, որ Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղու նախագիծը (Կարս, Գյումրի, Նախիջևան, Մեղրի, Բաքու) իրականացնելու համար նախատեսվում է 434 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել։ Դավթյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ներդրումային ծրագիրն իր ուղղակի ազդեցություն է ունենալու նաև տվյալ միջանցքով իրականացվող բեռնափոխադրումների ինքնարժեքի վրա։

Նրա խոսքով՝ երկաթուղին սկսելու է եկամուտ բերել 13 տարի անց և բնականաբար 13 տարիների ընթացքում բեռնափոխադրումների ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությունն այնպես է իրականացվելու, որպեսզի այն լինի շահութաբեր: Ըստ նրա՝ այս առումով շատ միամիտ կլինի մտածել, որ հայ բեռնափոխադրողների համար կտրամադրվեն նույն պայմանները, ինչ թուրք կամ ադրբեջանցի բեռնափոխադրողների համար, ովքեր հանդես են գալու որպես այս երկաթուղու համար մեկ շահառու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...