Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը. Արցախի ԱԳՆ


Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը. Արցախի ԱԳՆ
Հունվար 13 20:30 2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ  կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը:

Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Կոչ ենք անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը»։



loading...