«Իմ խոսքից հետո չհամարձակվեք նման բան երկրորդ անգամ ասել». Տարոն Սիմոնյանը՝ Հովակիմյանին


«Իմ խոսքից հետո չհամարձակվեք նման բան երկրորդ անգամ ասել». Տարոն Սիմոնյանը՝ Հովակիմյանին
Հունվար 13 20:02 2021



Ես մեծ հույս ունեմ, որ մեր պատգամավորները, որոնք կմասնակցեն ռազմագերիների վերադարձի հետ կապված քննարկմանը, ճիշտ բառապաշարը կօգտագործեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ստեղծված իրավիճակի ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունն ԱԺ-ում քննարկելու ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն հարցին, թե արդյոք դա դրական ազդեցություն է ունենալո՞ւ է ռազմագերիների խնդրի լուծման համար։

«Այո, եթե իհարկե այդ հայտարարությունները եւ քննարկմանը մասնակցող անձինք իրենց խոսքերը ձեւակերպելիս ճիշտ բառապաշար օգտագործեն։ Ես մեծ հույս ունեմ, որ մեր պատգամավորները, որոնք կմասնակցեն նման քննարկմանը, այդ ճիշտ բառապաշարը կօգտագործեն, ես էլ պատրաստ եմ նաեւ ձեր խմբակցության պատգամավորներին մասնագիտական տեսանկյունից օգնել, որ այդ ճիշտ բառապաշարն օգտագործվի։

Մեկ անգամ եւս Ազգային ժողովը եթե կարողանա իր պատգամավորների միջոցով բարձրաձայնել այն միջազգային իրավական խախտումները, որոնք Ադրբեջանի Հանրապետությունը թույլ է տալիս, պահելով ռազմագերիներին եւ ձերբակալված քաղաքացիական անձանց, եւ նրանց հետ չվերադարձնելով, մեկ անգամ եւս այս հարցի բարձրաձայնումը եւ մասնագիտական եւ քաղաքական տեսանկյունից թիրախային հնչեցումը օգնելու է, որ ի վերջո Ադրբեջանը հասկանա՝ ինքն ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքը եւ հնարավորություն ունի, փաստորեն դադարեցնելու այդ խախտումները եւ վերադարձնելու եւ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես էլ ձեզ պատրաստ եմ օգնել, որ այդ ճիշտ բառապաշարը ձեր հայտարարությունների մեջ օգտագործեք»,- նշեց Սիմոնյանը։

Հովակիմյանն էլ ասաց, թե իրենց օգնելու կարիք չկա. «Մենք շատ լավ տիրապետում ենք, մենք շատ լավ գիտակցում ենք մեր՝ ամեն մի հնչեցրած բառի հետեւանքը։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ Ադրբեջանի հետ կարելի է ասել՝ պասերով գործելու մեթոդի մեջ են մտել»։

 

«Իմ խոսքից հետո չհամարձակվեք մյուս անգամ ընդդիմադիր գործիչներին դասեր տալ այն իմաստով, որ նրանք պասերով են խաղում թշնամի պետության հետ։ Իմ խոսքից հետո չհամարձակվեք նման բան երկրորդ անգամ ասել։ Միանգամից ասում եք՝ կարիք չունեք, խնդրեմ, շարունակեք ձեր այդքան շատ քննադատված՝ ոչ մեկի օգնությունը չընդունելու քաղաքականությունը։ Ես պատրաստ եմ մասնագիտորեն ձեզ աջակցել»,- արձագանքեց Սիմոնյանը։