ՀԱՓԿ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Հայաստանի 4 մարզում


ՀԱՓԿ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Հայաստանի 4 մարզում
Հունվար 13 14:57 2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել:

Պատերազմի օրերին մեր աշխատակիցները խաղաղ բնակչության դեմ կիրառված և չպայթած զինամթերքի հայտնաբերման և լուսաբանման աշխատանքների նպատակով եղել են Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք և Սյունիքի մարզի Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» 2019 թվականի փետրվար 8-ից մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ականազերծվել են 319.820 քմ ականապատված տարածքներ և հայտնաբերվել 359 ական ու պայթուցիկ նյութ: Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 25 816 հիվանդի:

Սեպտեմբերին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, դասընթացի համար համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով, տեղի են ունեցել Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ:

2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը նույնպես նախատեսվում են ականազերծողների և բուժակների դասընթացներ:

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից մեր մասնագետները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված՝ հաստատված վտանգավոր տարածքներից մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Դեկտեմբերին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են 30 000 քմ տարածքում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ։

2020 թվականի օգոստոսին «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը»՝ ՆԱՏՕ-ի ֆինանասավորմամբ և Հայկական Կարմիր խաչի կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար, ովքեր իրենց համայնքներում քաղաքացիներին արդեն սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները:

ՀԱՓԿ-ի մասնագետներն ամեն տարի անվտանգ վարքագծի կանոնների մասին են իրազեկում մոտ 10000 մարդու: Այս տարի աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակել ենք իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները: Եվ քանի որ այս օրերին, ավելի քան երբևէ, կարևոր է իրազեկված լինել՝ ինչ անել պատերազմից մնացած պայթուցիկ մնացորդներ հանդիպելիս, մեր մասնագետները միջազգային Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրազեկման աշխատանքներ են կատարել նաև ավտոկայանից դեպի Ստեփանակերտ ուղևորվող յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ ուսուցանելով անվտանգ վարքագծի կանոններ:

Այս բոլոր աշխատանքները շարունակական են: Մեր աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և այս տարի էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և իրազեկման աշխատանքներ:



loading...