Չեմ բացառում, որ հաջորդ քառօրյային ԲԴԽ անդամի 2-րդ թեկնածուին էլ առաջադրենք. Լիլիթ Մակունց


Չեմ բացառում, որ հաջորդ քառօրյային ԲԴԽ անդամի 2-րդ թեկնածուին էլ առաջադրենք. Լիլիթ Մակունց
Հունվար 13 10:49 2021

Ոչ, որեւէ կաշկանդվածություն չունենք առաջադրելով Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ ահդնիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանը լինելով պետական պաշտոնյա կարող էր Մոնումենտում երեք հարկանի շքեղ տուն ունենալ:

«Թեկնածուն պետք է համապատասխանի ԲԴԽ անդամի թեկնածուի համար նախանշված չափանիշներին, ինչին պարոն Ջհանգիրյանը համապատասխանում է: Բոլոր հարցերը, որոնք առնչվում են անձամբ Գագիկ Ջհանգիրյանին, ես կարծում եմ՝ հենց ինքը կտա դրանց պատասխանները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կԿան խոսակցություններ, որ «Իմ քայլը» Ջհանգիրյանին ԲԴԽ է ուղարկում իր դիրքերն ամրապնդելու համար դատական համակարգում, հաշվի առնելով հեռակա բախումները ԲԴԽ նախագահի եւ կառավարության միջեւ, Մակունցն ասաց. «ԲԴԽ-ում տեւական ժամանակ կար թափուր տեղ, հետո ավելացավ երկրորդը: ԲԴԽ անդամին ներկայացվող չափանիշները հրապարակային են, եւ այդ չափանիշներին համապատասխանելու պարագայում խմբակցությունը կաշկանդված չէ որեւ թեկնածուի առաջադրելու, ինչն էլ արել է: Կան գործառույթներ, որոնք ԲԴԽ անդամը պարտավոր է կատարել, եւ դա պայմանավորված չէ որեւէ քաղաքական ուժի ակնկալիքներով»:

Անդրադառնալով ԲԴԽ-ում երկրորդ թափուր տեղի թեկնածության խնդրին, Մակունցը նշեց. «Մենք քննարկում ենք տարբեր թեկնածուներ, առաջիկայում կհանդիպենք նրանց հետ, խմբակցությունը երբ որոշում կայացնի, կտեղեկացնենք: Չեմ բացառում, որ մյուս քառօրյային եւս մյուս թեկնածուին առաջադրենք»: