ԼՂ-ում հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ


ԼՂ-ում հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ
Դեկտեմբեր 17 11:45 2020

Ռուս խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը։ Էլեկտրական հոսանքն անխափան կերպով մատակարարվում է 24 բնակավայրերի՝ ավելի քան 12 հազար բնակչությամբ։ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի՝ կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։

Նա հայտնել է, որ Ստեփանակերտում գտնվող ռուսական դաշտային հոսպիտալից զատ, Մարտակերտում տեղակայվել է երկրորդ զինվորական հոսպիտալը, որը բուժօգնություն կտրամադրի ոչ միայն ռուս խաղաղապահներին, այլև մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Ընդհանուր առմամբ, ռուս մասնագետների կողմից բուժօգնություն է տրամադրվել 558 մարդու, այդ թվում՝ 67 երեխայի։

Պերեպելկինը նշել է, որ դեկտեմբերի 16-ի դրությամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ։

«Ռուս խաղաղապահները չպայթած արկ ու ականներից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ, ստուգվել է 405 շենք՝ չպայթած զինամթերք հայտնաբերելու համար։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև զոհերի մարմինների փոխանակումը և անհետ կորածների որոնումները։ Տվյալ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար որոնողական խմբերի թիվը 3-ից հասցվել է 5-ի», – հայտնել է Դմիտրի Պերեպելկինը։


ԼՂ-ում հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա


loading...