Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիան խոչընդոտել է նավով Լիբիա զենքի տեղափոխման ստուգումը


Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիան խոչընդոտել է նավով Լիբիա զենքի տեղափոխման ստուգումը
Նոյեմբեր 23 20:44 2020

Թուրքիան խոչընդոտել է Եվրամիության առաքելությունից գերմանացի զինվորականներին կատարել թուրքական բեռնատար նավի ամբողջական խուզարկություն, որը, ինչպես նրանք կասկածում էին, Լիբիա զենք էր տեղափոխում, փոխանցում է Reuters-ը։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ «Համբուրգ» ֆրեգատի զինվորները իջել են թուրքական բեռնատար Rosaline A նավի վրա, բայց ստիպված էին հրաժարվել ստուգումներից եւ նավից հեռանալ այն բանից հետո, երբ Թուրքիան բողոք է հայտնել ԵՄ առաքելությանը։

Ֆրեգատը գործել է Միջերկրական ծովում Եվրամիության «Իրինի» առաքելության շրջանակում, որի նպատակն էր՝ թույլ չտալ զենքի հայտնվելը Լիբիայում պատերազմող խմբավորումների մոտ։

«Մինչ նավից հեռանալը զինվորները ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Թուրքիայի անվտանգության ծառայությունում աղբյուրները հայտարարել են, որ Rosaline A-ում եղել են տարբեր նյութեր, ինչպես, օրինակ, սննդամթերք եւ ներկեր, եւ որոնողական խումբը խախտել է միջազգային իրավունքը՝ չսպասելով Թուրքիայի թույլտվությանը։ «Խուզարկությունից հետո, որը տեւել է մինչեւ վաղ առավոտ, զինվորները հասկացել են, որ նավում ոչ մի բան չկա»,- ասել է աղբյուրը։

«Համբուրգը» Rosaline A-ին ձերբակալել էր կիրակի երեկոյան լիբիական Բենղազի քաղաքից գրեթե 200 կմ հյուսիս։ Գերմանական կողմը պնդում է, որ «Համբուրգը» հետեւել է ստանդարտ ընթացակարգին․ 4 ժամ սպասել է երկրի հավանությանը, այնուհետեւ նավի վրա է իջել։ Ավելի ուշ, երբ ստացվել է Թուրքիայի առարկությունը, նրանք նավից հեռացել են։ «Բոլոր ընթացակարգերը ճիշտ են պահպանվել»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը։